Թուրքիան ցանկանում է տարանցիկ երկիր դառնալ իսրայելական գազի համար

turk-israelԹուրքական «Zorlu» հոլդինգը բանակցություններ է սկսել իսրայելական ընկերության հետ Իսրայելից Թուրքիա գազի խողովակաշար անցկացնելու վերաբերյալ: Սակայն թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատճառով: «Թուրքիան կախում ունի այլ երկրների գազի մատակարարումից: Մենք հույս ունենք նոր գործընկեր ձեռք բերելու և դառնալու տարանցիկ երկիր դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում»,-հայտարարել է «Zorlu» հոլդինգի ղեկավար Օմեր Յունգյուլը: Մասնագետների գնահատմամբ՝ նախագիծը 3,5 մլն դոլարի արժեք ունի:

Հիշեցնենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսին իսրայելական հատուկ նշանակության ջոկատները հարձակում կատարեցին թուրքական «Mavi Marmara» նավի վրա՝ դառնալով 10 մարդու մահվան պատճառ: Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս դեպքի համար պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից, այնուհանդերձ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջընթաց չի նկատվում:

Tags: ,