Շվեցարիայի Ժնև քաղաքում կյանքի է կոչվելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հուշերի փողոցի լույսերը» նախագիծը: 2008 թվականին Ժնևի քաղաքային խորհրդի կողմից հաստատված նախագծի համար առաջարկված 15 տարբեր վայրերից ընտրվել է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց գտնվող Ադրիանա թանգարանի այգու տարածքը: Այս զարգացումների համատեքստում թուրք-շվեյցարական հարաբերություններին է անդրադարձել «Ակօս»-ի հոդվածագիրներից Ֆաթիհ Գյոքհան Դիլերը:
«Հուշերի փողոցի լույսերը» նախագծի հաստատումը 2008 թվականից սկսած Շվեյցարիայում գործող թուրքական տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից դժգոհությամբ ընդունվեց: Միևնույն ժամանակ այսօր միջազգային հանրության կողմից սառած համարվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման գործընթացում ակտիվ դեր խաղալ փորձող միակ կողմը հանդիսացող Շվեյցարիայի և Անկարայի հարաբերություններում լարվածություն է նկատվում: Այս պարագայում Թուրքիան փորձում է Շվեյցարիայի դեմ օգտագործել G 20-ի իր խաղաքարտը:
Հայտնի է, որ 2015 թվականին Թուրքիան նախագահելու է G 20-ի գագաթաժողովը: Շվեցյարիայի դաշնային խորհրդի նպատակը Անկարայից G 20-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարարների համաժողովի հրավեր ստանալն է: Մյուս կողմից Շվեցարիան միջազգային մակարդակում իր ազդեցության մեծացման համար Հարավային Կովկասում առկա խնդիրների մեջ ստանձնում է միջնորդի դերը՝ այս հոսանքի տակ նպատակ ունենալով պահպանել մտերմությունը Թուրքիայի հետ: Արդյունքում աշխարհի որ վայրում և ինչ համատեքստում էլ որ լինի, Թուրքիան Հայոց ցեղասպանության հետ կապված զարգացումներին մարտական արձագանք է տալիս և Շվեյցարիայի սպասումներին էլ պատասխանում հուշարձանի կառուցման դեմ դուրս գալով:
