Հուշամեդալներ և պատվոգրեր` վաստակաշատ մարզիչներին

մարզիչ“Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը հանրապետության մի շարք վաստակաշատ մարզիչներ այսօր արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է մանկապատանեկան սպորտի մասսայականացման, առողջ ապրելակերպի զարգացման, ինչպես նաև երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման գործում “Աշխատանքային ռեզերվներ” մարզական կազմակերպության ցուցաբերած մեծ ավանդը: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով Մատաղ սերնդի կրթության, ֆիզիկական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպության հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` կազմակերպության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով” և նախարարության պատվոգրով:
Նշենք, որ “Աշխատանքային ռեզերվներ” մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1943թ.-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին՝ նպատակ ունենալով նպաստել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և հայրենական սպորտի զարգացման գործին: “Աշխատանքային ռեզերվներն” իր գործունեության 70 տարիների ընթացքում օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների պատրաստման յուրօրինակ դարբնոց է եղել: Կենտրոնի սաները կարողացել են արժանիորեն ներկայացնել Հայաստանը ու հայ ժողովրդին` նախկին միութենական և ինչպես նաև համահայկական և միջազգային ամենահեղինակավոր սպորտային մրցումներում:
“Աշխատանքային ռեզերվները” ՄՀԿ հայկական սպորտին տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են` բռնցքամարտիկներ Վլադիմիր Ենգիբարյանը, Դավիթ Թորոսյանը, Սուրեն Ղազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Մեխակ Ղազարյանը, մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը, հեծանվորդ Օլեգ Կլեվցովը, ըմբիշներ Մանվել Ապիկյանը, Մխիթար Մանուկյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ:
Կազմակերպության մեծանուն մարզիչներից կարելի է հիշել Էդուարդ Արիստակեսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Վոլտեր Աթանեսյանին, Ռուդոլֆ Կարապետյանին, Ավետիկ Կատյանին, Ռաֆայել Մեհրաբյանին, Յուրա Կարապետյանին, Վազգեն Բադալյանին, Դերենիկ Գաբրիելյանին և շատ ու շատ ուրիշների:

Tags: