Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

007Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր:

Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:

Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական: «Արդեն հաճելի և սպասված ավանդույթ է դարձել կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը տոնական միջոցառումներով կազմակերպումը, ինչը բարձր տրամադրություն է ապահովում հատկապես մեր փոքրիկ երևանցիների համար: Վստահ եմ, որ այսօր ևս մեր փոքրիկները ուրախ և հաճելի ժամանակ կանցկացնեն իրենց ծնողների հետ ու հաճելի հուշերով կհեռանան այգուց: Ի դեպ, մեր ծնողներն էլ միշտ մեզ են մայիսի 1-ին բերել կենդանաբանական այգի և, ըստ էության, մենք այսօր շարունակում ենք այդ բարի ավանդույթը: Ինչ վերաբերում է այգու վերակառուցման աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են, անելիքներ դեռևս շատ կան, սակայն մենք վստահ ենք, որ առաջիկա տարիների ընթացքում կունենանք լիովին վերափոխված ու նորովի գրավիչ կենդանաբանական այգի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,