Սայաթ Նովայի 12․ Քաղաքացիները պարտադրում են օրենք

menqenq-logoՎերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների
հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝
հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է
օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ
բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական
գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու
օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012),  Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը
գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ
շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն
ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր
կանգնելն է։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է
անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի
թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն
օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում
են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են
կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Tags: , ,