Ծեծուջարդ Մաշտոցի պողոտայում. Շանթին ու նրա որդուն բերման են ենթարկել, NEWS.am-ի լրագրողը վնասվածքներ է ստացել (լուսանկարներ,տեսանյութ)

նստացույց ազատության հրապարակումԱզատության հրապարակից այսօր ժամը 17։00-ին սկսված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում է ունեցել: Փայտերով ու Գայ Ֆոքսի դիմակներով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մոտ 100 մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա։ Այստեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը անցնել արգելված վայրով, ոստիկանները նրան փորձել են արգելել փողոցն անցնել։ Շանթի կողմնակիցները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, ոստիկանները պատասխանել են ռետինե մահակներով, սկսվել է ծեծուջարդը։ Երթի մասնակիցները վառվող բենզինի շշեր են պայթեցրել։

Ոստիկանները հերթով բերման են ենթարկում երթի մասնակիցներին, արդեն ոստիկանական բաժանմունք են տարել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ու նրա որդուն։ Հրմշտոցի ժամանակ վնասվել է NEWS.am-ի լրագրողը, նրան հրել են ավտոմեքենայի վրա, ապակին կոտրվել է, լրագրողի գլուխը վնասվել է։ Այս պահին ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։ Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է։ Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը,հաղորդում է NEWS.am-ը։

Tags: , ,