Երևանում մեկնարկել է «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» միջազգային գիտաժողովը

Աթաթյուրքից` ԷրդողանԱյսօր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա նստաշրջանների աշխատանքներին  մասնակցում են թուրքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ, բանասերներ, փիլիսոփաներ Հայաստանից, Ռուսաստանից և Թուրքիայից: Գիտաժողվի մասնակիցների զեկույցները անդրադառնում են Թուրքիայի Հանրապետության 90-ամյա պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին և ներկա քաղաքական զարգացումներին վերաբերող հիմնախնդիրներին:
Այսօր գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռ. Սաֆրաստյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը: Նստաշրջանի առաջին օրը արտասահմանցի մասնակիցներից ուշագրավ ելույթներ ունեցան Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնից բ.գ.թ. Եվգենի Բախրեվսկի «Ժամանակակից Թուրքիայի գաղափարական ուղենիշները և նախագծերը. նոր օսմանականություն, թուրքական եվրասիականություն, մուսուլմանական Հռոմ» թեմայով, Սանկտ Պետերբուրգի համալսարանից փ.գ.դ., պրոֆ. Տիգրան Թումանյանը «Թուրքիա-Իսրայել. ժամանակակից քաղաքական հարաբերությունների դինամիկան» զեկույցով, Թուրքիայի Սաքարիայի համալսարանից Էգեմեն Բեզջին «Հարաբերությունները քաղաքացիական իշխանությունների և զինվորականների միջև Թուրքիայում. վերջին տասնամյակի քննություն» թեմայով, իսկ թուրքական Էրջիյես համալսարանը ներկայացնող Քըվամ Քադիրը ելույթ ունեցավ «1945-1960 թթ. Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները Արևմտյան դաշինքի շրջանակներում» զեկույցով:
Գիտաժողովի երկրորդ նստաշրջանը և փակումը տեղի կունենա վաղը ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում:

 

 

 

Tags: , , ,