Երևանում «հեղափոխականների» երթն ավարտվեց բախումներով ու պայթյուններով.անդրադարձ Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օրվան

Million Mask March in Yerevan on Freedom SquareԳայ ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների» երթը Երևանում վերածվեց ոստիկանության հետ բախումների:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը  նոյեմբերի մեկից  Ազատության հրապարակում նստացույց էր անում` «Ես սկսում եմ հեղափոխություն» գրությամբ: Նրա խոսքով` մտադիր է Հայաստանում արժեքների հեղափոխություն անել, որը ենթադրում է նաև  իշխանության տապալում: «Հայաստանում, եթե լավ տղերք չկան էդ իշխանություններին տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բարոյազրկվածներն են ապրում: Ավելի լավ է մեռնեմ, բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ, սնայպերը ինձ խփի: Չեմ ուզում Կիևյանից ինձ գցեմ, Հայաստանից չեմ ուզում գնամ: Ես այդպես եմ ապրելու: Չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ էնտեղ սաղ փչացած են, ժողովուրդ չկա: Նրանց ինչ անում են, էդ ժողովուրդը հանդուրժում է»,- այսպես է նա բացատրել իր արաքի դրդապատճառները:

Նոյեմբերի 5-ին  նա գլխավորեց  դիմակավոր «հեղափոխականների» երթը:  Հարությունյանն իր շուրջ 100 համակիրների հետ երթը մեկնարկելուց առաջ հայտարարեց, որ ամեն գնով, անգամ մահվան գնով հեղափոխություն է իրականացնելու:  Ապա հայտարարեց, որ իրենք զինված են մահակներով և բենզինով լի շշերով: «Հեղափոխականների» նպատակակետը նախագահի նստավայրն էր:

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ «հեղափոխականները» փորձել են Մաշտոցի պողոտան հատել ոչ ճիշտ տեղից: Պայթեցվել են ինքնաշեն նռնակներ:

Ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Նրա որդուն ևս ոստիկանություն բերման էին ենթարկել, սակայն նոյեմբերի 6-ի առավոտյան նրան ազատ են արձակել:

Ոստիկանության 4 աշխատակիցները հիվանդանոցում են և բուժում են ստանում:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ողջ աշխարհում Անոնիմուսների 443 երթ է տեղի ունեցել:

Նոյեմբերի 5-ը աշխարհում նշվում է որպես Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օր: Վերջինս  ձերբակալվել է 1605 թ. նոյեմբերի 5-ին: Նա փորձում էր պայթեցնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը` Ջեյմս արքային սպանելու նպատակով: Նրա մտադրությունները բացահայտվեցին անանուն նամակի միջոցով, որն ուղարկվել էր բրիտանական պաշտոնյաներին: Ֆոքսին կտտանքների են ենթարկում, իսկ 1606 թ. հունվարի 31-ին` մահվան են դատապարտում:

Գայ Ֆոքսի դիմակները, որոնք կրում են ցուցարարները, ստեղծվել են 2005-ին` «Վ` Վենդետայի համար» ֆիլմի համար: Դրանք դարձել են հակաավտորիտար խորհրդանիշ համացանցային Անոնիմուս շարժման համար, որի անդամները մարդիկ են,ովքեր համակարգիչն օգտագործում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, խոսքի ազատության և մարդու իրավունքների  պաշտպանության և ինֆորմացիայի ազատության ապահովման համար:

Աշխարհի մասշտաբով միջոցառումը ձեռնարկողները իրադարձության  ֆեյսբուքյան էջում գրել են. «Հիշեք, թե ովքեր են ձեր թշնամիները. միլիարդատերերը, որոնք բանկեր ունեն, և կորպորացիաները, որոնք կոռումպացնում են քաղաքական գործիչներին, որոնք ստրկացնում են անարդարության մեջ գտնվող մարդկանց»:

Tags: , ,