Ավստրիայի սոցիալիստական երիտասարդների (SJÖ) հրավերով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյանը (Ավստրիա) և Սերժ Տեր-Յակոբյանը (Գերմանիա) մասնակցեցին հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին, որը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ավստրիայի Ֆելտեն քաղաքում։
Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Ավստրիայից և հրվաիրյալներ Շվեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։
Համագումարը սկսել է հրավիրող կազմակերպության ողջույնի խոսքով, որից հետո այլ երկրներից մասնակցած պատվիրակությունները ելույթ ունեցան` ներկայացնելով իրենց կազմակերպությունն ու մոտեցումները։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչները, իրենց ելույթում ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի նպատակներն ու աշխատանքները, ընդգծել են մարդու իրավունքի տեսանկյունից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման կարևորությունը։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր իսկ հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքին, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները բացատրել են արցախցի երիտասարդների իրավիճակն ու պայմանները և նշել, որ նրանք ուրիշ բան չեն ուզում, քան եվրոպացի երիտասարդների նման խաղաղ ու անվտանգ կյանք ունենալ, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Հայաստանն ու Արցախը շրջափակման մեջ են և ամեն պահի ենթակա են պատերազմի վերսկսման վտանգին։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթը հետևյալ խոսքերով. «Մեր սերնդի պարտականությունն է պայքարել, որ սոցիալիստական գաղափարների համաձայն ավելի արդար հասարակարգ հաստատվի աշխարհում»։
Համագումարի շրջանակներում տեղի են ունեցել դասախոսություններ և քննարկումներ սոցիալիզմի, տնտեսության, համացանցի, գաղթականության, կրթության, ծայրահեղ աջակողմյան շարժումների և այլ թեմաների մասին։
Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչների և այլ պատվիրակությունների միջև։ Համագումարին մասնակցող երիտասարդներից ոմանք ցանկություն են հայտնել այցելել Հայաստան և Արցախ։ Նրանք հայկական կողմին առաջարկել են միջազգային երիտասարդական խորհրդաժողով նախաձեռնել Հայաստանում։
ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ