Ընկերությունը մահացածների մնացորդները կուղարկի տիեզերք դրանք ընկնող աստղ դարձնելու համար

հիշատակի թռիչքՄոռացեք ձեր մահացած սիրելիների մնացորդների մոխիրը ծովը նետելու մասին՝ այժմ հնարավոր է նրանց մնացորդները ուղարկել տիեզերք, որպեսզի նրանք ընկնող աստղ դառնան:

Elysium Space ընկերությունը նախատեսում է առաջին այսպես կոչվող «հիշատակի թռիչքը» իրականացնել 2014թ-ի ամռանը Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից:

Այս ծրագրով մարդկանց մնացորդները կուղարկվեն տիեզերք և մի քանի ամիս կպտտվեն Երկրի շուրջը՝ նախքան մթնոլորտում այրվելը և ընկնող աստղ դառնալը:

Ընկերությունը իր ծրագիրը իրկանացնելու համար կաշխատի տիեզերական տրանսպորտային ընկերությունների հետ, ինչպիսիք են SpaceX-ը, Civeit-ը և Orbital Sciences-ը:

Թռիչքի արժեքը 1,900 դոլար է, որի դիմաց ընկերության հաճախորդները կստանան մի հավաքածու, որի մեջ մտնում է նաև մոխիրը պարկուճի մեջ լցնելու համար անհրաժեշտ շերեփ:

Պարկուճի վրա կարող է փորագրվել մահացածի անվան երեք սկզբնատառերը, իսկ հաճախորդները իրենց ցանկությամբ կարող են մինչև 80 նիշ պարունակող հաղորդագրություն գրել, որը կմիացվի տիեզերանավին ամրացված մետաղյա թիթեղներին:

Ընտանիքի անդամները հրավիրատոմս կստանան թռիչքի մեկնարկը դիտելու համար, ինչպես նաև նրանց կտրամադրվի թռիչքի տեսագրությունը: Թռիչքից հետո հարազատներին կուղարկվի հավաստագիր հիշատակի թռիչքի ավարտի կապակցությամբ:

Կալիֆորնիայում տեղակայված ընկերությունը այժմ բջջային հեռախոսների ծրագիր է ստեղծել տիեզերք ուղարկված մարդկանց մնացորդներին հետևելու համար:

Ընկերությունից հայտնում են, որ տիեզերանավը այնպես է ստեղծվել, որ ուղեծրային աղտոտում չառաջացնի:

 

Tags: ,