Լևոն Արոնյանի հաղթանակը վերջին տուրում և հուշամրցաշարում

Levon-Aronyan056Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչև վերջին պարտիայի ավարտը: Ստուգատեսը, որի առաջին կեսը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք  Փարիզում, իսկ երկրորդ կեսը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, ստացվեց: Առավել ուրախալի է, որ այն ավարտվեց Լևոն Արոնյանի փայլուն հաղթանակով:

Ուշագրավ է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո, Լևոն Արոնյանը կարողացավ դրսևորել իրեն: Ընդ որում, մրցաշարում խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի ներկայիս չենպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին տուրն էր, որից առաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթող: Այդ պատվին հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Այդպիսի հնարավորություն ուներ նաև  Արոնյանը: Նա  սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույնքան միավոր հավաքեց նաև մինչև վերջին տուրը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Անանդի հետ: Խաղաղ ելք էին ունեցել նաև Եվգենի Վիտյուգով (Ռուսաստան)-Դին Լիժեն (Չինաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) պարտիաները:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը, որը մրցաշարում 3 հաղթանակ էր տարել, 5 պարտիա ավարտել խաղաղ արդյունքով և 1 պարտություն կրել, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում էր Գելֆանդին: Սակայն Մայքլ Ադամս-Վլադիմիր Կրամնիկ  պարտիան շարունակվում էր: Ադամսն ուներ 4,5, Կրամնիկը` 3,5 միավոր: Ադամսը հաղթանակի դեպքում առաջ կանցներ Լևոնից: Բայց նավակային վերջնախաղում առավելություն ուներ Կրամնիկը և նա էլ տևական պայքարից հետո` 75-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այսպիսով, Արոնյանը ճանաչվեց հաղթող:

«Պետք է մարզել նյարդային համակարգը, պարտությունից հետո լավատեսորեն տրամադրվել, դա միակ միջոցն է ծանր դրությունից դուրսգալու համար: Վճռական պարտիայում հաղթելու համար դեղատոմս չկա: Տարիների աշխատանք է պետք կարևոր պահին հաղթելու համար: Ամեն օր մեզ չեն հրավիրում խաղալ այսպիսի հրաշալի մրցաշարերում: Հասկանում էի, որ լոնդոնյան մրցաշարից հետո հոգնած եմ լինելու, բայց այսպիսի մրցաշարից հրաժարվելը դժվար է: Շատ եմ սիրում խաղալ Փարիզի և Սանկտ Պետերբուրգի նման գեղեցիկ քաղաքներում: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին, որոնք Փարիզում և Սանկտ Պետերբուրգում գալիս էին` աջակցելու ինձ: Մեզ համար շատ կարևոր է զգալ կապը հայրենիքի հետ: Շատ հաճելի է, որ հայերը գալիս են, աջակցում են, փորձում են օգնել: Դա ինձ համար մեծ աջակցություն է: Հույս ունեմ, որ իմ հաջողությունները, մեր հավաքականի հաջողությունները կօգնեն հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներին մերձենալ հայրենիքին, իրար և հաջողություններ ունենալ իրենց ասպարեզում»,- լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասել է  Արոնյանը

Tags: