Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայություն Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Բացի այդ, քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը` Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում, ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին և դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ` իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց:
Հետագայում` իրագործելով իր վերը նշված սպառնալիքները, Ա. Կիվիրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել քրեական գործ հարուցելու իրավասությամբ օժտված մարմիններին` հայտնելով, թե ինքնավնասման հետևանքով ստացված վերոհիշյալ մարմնական վնասվածքները ստացել է ոստիկանության աշխատակիցների կողմից` իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:

Tags: ,