Եթե կարողանանք համոզել Ադրբեջանին, ապա հայ-թուրքական սահմանը կբացվի. Ահմեդ Դավութօղլու

ahmetԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է «դուրս գալ օկուպացված ադրբեջանական հողերից»: Այս մասին հաղորդում է «Աքշամ» թերթը: «Մեր պահանջը Ղարաբաղից դուրս գալն է: Մենք այս հարցում առաջընթաց ենք սպասում: Եթե սա իրագործենք, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք, որ սա արվի Ադրբեջանի հետ համատեղ»,-ասել է Դավութօլուն՝ մեկնաբանելով Իգդիրի վիլայեթից պատգամավոր Սինան Օղանի հարցը՝ կապված հայ-թուրքական սահմանի բացման հետ:

Դավութօղլուն տեղեկացնելով, որ Հայաստանի հետ սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում, նշել է. «Մենք աշխատանքներ ենք տանում սահմանային անցակետերում, և եթե կարողանանք համոզել Ադրբեջանին, ապա կարող ենք անակնկալ մատուցել»:

Պաշտոնական Բաքուն չի հոգնում կրկնել արդեն անգիր արած թեզերը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ինդոնեզիայում տեղի ունեցած Ժողովրդավարական համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշման իրագործմանը միջազգային հանրության աջակցությանը: «Աշխարհը այժմ էլ բախվում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտման հետ: Այսօր Հայաստանի կողմից միգազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-հայտարարել է Մամեդյարովը՝ կրկնելով պաշտոնական Բաքվի անգիր արած այն թեզերը, որոնք ադրբեջանցի պաշտոնյաները հիշատակում են ցանկացած միջազգային հարթակում՝ լինի դա մշակույթային, թե ասենք առողջապահությանը նվիրված միջոցառում:

Tags: