«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունում Գրան պրի մրցանակի արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի «Medicus» թիմը։ Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում և «Բրեյն ռինգ»-ում առաջին հորիզոնականում դարձյալ «Medicus»-ն էր, իսկ «Էրուդիտ կվարտետ» խաղում լավագույնը «Black star»-ն էր։
Ինտելեկտուալ առաջնության մասնակցում էր շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցներից։ Խաղերն անցկացվել են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Խաղն անցավ բավականին հետաքրքիր ու լարված մթնոլորտում: Հնչում էին տարբեր բնագավառներից հարցեր, որոնց պատասխանները շատ անգամ, մասնագիտական գիտելիքներից բացի, պահանջում էին նաև տրամաբանություն, արագ կողմնորոշում, ճկունություն և վերլուծական միտք։
Հայաստանի գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը «Medicus 2013»-ն առանձնացրեց հատկապես մասնակիցների թվի առումով։ «Այսքան թիմ դեռևս չէի տեսել ուսանողական առաջնությունում։ Ուրախացրեց նաև որակը։ Հարցերը բարդ էին, և առաջատար թիմերը բավականին բարձր արդյունք ցույց տվեցին։ Դա հույս է ներշնչում, որ այդ թիմերը Հայաստանը կարող են ներկայացնել նաև արտասահմանում։ Պետք է առանձնացնեմ նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են ինտելեկտուալ խաղերին։ Գիտեմ՝ շատ բարդ է նման միջոցառումներին սատարելը, բայց ինտելեկտն այն բանն է, որ մենք կարող ենք վաճառել արտասահմանում և պահպանել հայության բարձր կերպարը դրսում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչ Խաչատուր Մարգարյանն էլ նկատում է, որ այս տարի «Medicus» միջբուհական առաջնությունում նորամուծություն էր կատարվել. ներգրավվել էին նաև ավագ դպրոցների թիմերը, ինչը գիտակների շրջանում սերնդափոխություն իրականացնելու նպատակ ունի։ Ընդ որում, ըստ Խաչատուր Մարգարյանի, ավագ դպրոցների թիմերը բավականին հաջող են հանդես եկել։
«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ Հայաստանի գիտակների ասոցիացիայի աջակցությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
