Խորվաթիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

ԽորվաթիաԵվրոպական միությանը անդամ 28 երկրներից ամենավերջինը անդամակցած  Խորվաթիայում հանրաքվե կանցկացվի նույնասեռականների ամուսնությունը օրինականացնելու վերաբերյալ, սակայն իրավապաշտպան խմբավորումները այդ քվեարկությունը հակասահմանադրական են համարում:

Ուրբաթ օրը պառլամենտը որոշում է կայացրել դեկտեմբերի 1-ին տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ հետևյալ հարցի վերաբերյալ քվեարկելու կապակցությամբ, այն է՝ «Ձեր կարծիքով ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությու՞ն է»:

Եթե քվեարկողների մեծամասնությունը այդ հարցին «այո» պատասխանի, ապա սահմանադրությամբ նույնասեռականների ամուսնությունը կարգելվի:

Իրավապաշտպան խմբերը բողոքել են հանրաքվեի դեմ՝ պնդելով, որ այն խախտում է մարդու հիմնարար իրավունքները: Իսկ նույնասեռականների դեմ խմբավորումը շուրջ 700,000 ստորագրություն է հավաքել հանրաքվեի օգտին:

Նույնասեռականների իրավունքների վերաբերայլ բանավեճը Խորվաթիան երկու մասի է բաժանել: Երկիրը որոշակի քայլեր է ձեռնարկում նրանց իրավունքները պաշտպանելու կապակցությամբ, սակայն նույնասեռականների ամուսնության հարցը բավականին նուրբ խնդիր է մնում կաթոլիկ երկրում:

 

Tags: ,