Թուրքիայի Բաթմանի նահանգի Բարաժ լճի մերձակայքում գտնվող հայերին պատկանող գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախը: Մի ժամանակ այս գերեզմանաքարերն ամբողջովին ջրի տակ էին անցել, սակայն վերջերս լճի մակարդակի անկման հետևանքով դրանք նորից տեսանելի են դարձել: Գանձ որոնողները, օգտվելով այս հանգամանքից, արժեքավոր իրեր գտնելու հույսով սկսել են փորել գերեզմանները՝ հիմնովին ավերելով դրանք: Մի շրջանում, որտեղ մեծ տարածում ունեն այն լեգենդները, թե հայերը թաղվել են իրենց թանկարժեք իրերի հետ միասին, ավերակների են վերածվել նաև պատմական եկեղեցիները:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թաշլըդերե գյուղի մոտակայքում տեղակայված գերեզմանները փորվել են անհայտ անձանց կողմից: Այս սրբապղծությունն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: «Մինչև ջրի տակ անցնելն էլ հայերին պատկանող գերեզմանները ավերվում էին գանձ որոնողների կողմից: Անցած օրը նկատեցինք, որ տարածքը փորված է: Այստեղ շատ տարածված են գերեզմաններում թաղված թանկարժեք իրերի և գանձերի մասին խոսակցությունները: Անկախ նրանից, թե գերեզմանը ում է պատկանում, այն քանդելը ճիշտ չէ»,-նշել է գյուղացիներից մեկը:
Ուշագրավ է, որ քանդված գերեզմանների մոտակայքում խաչքարի կտորներ են գտնվել:
Tags: թուրքիա