Մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի քառօրյան: Մինչ օրակարգը հաստատելը, ԱԺ նախագահն առաջարկեց քվեարկության դնել հետաձգվող օրենքները, որոնց մեջ էր նաև «Կանանց և տղամարդանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը:
Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ բուռն ելույթներ տեղի ունեցան: Նախ հանդես եկավ Հեղինե Բիշարյանը` հայտարարելով, որ օրենքը հանրության կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել, սակայն օրենքի հիմնական նպատակը կանանց և տղամարդկանց հնարավորություները հավասար դաշտ բերելն է. «Մենք առաջարկել ենք գենդեր բառը հանել, փոխարենը օգտագործել սեռ կամ մեկ այլ բառ, սակայն կառավարությունը մեր առաջարկությանը դեմ է քվեարկել»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբրյանն իր հերթին հայտարարեց, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանն առաջարկել են տերմինը փոխել կանանց և տղամարդկանց իրավահավասարություն եզրույթով, սակայն դա էլ կառավարությունը չի ընդունել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի առաջարկին, ապա Զոհրաբյանի կարծիքով՝ դրանով էլ թյուրըմբռնումները չեն վերանում: «Ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք, սակայն կպնդենք, որ մեր առաջարկած տարբերակը լինի»,-ասաց նա:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում հստակեցրեց, որ հանձնաժողովում լուրջ քննարկումներ են եղել, տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և վստահ է, որ մոտ ժամանակներում կգտնվի կոմպրոմիսային տարբերակ բոլորի համար, ուստի դեմ է այս պահին այդ հարցը օրակարգ մտցնելուն: Ավելին, նա զարմացաած է Հեղին Բիշարյանի այսօրվա ելույթից, քանի որ որ հանձնաժողովի նիստի ժամանակ նա անգամ իրենց ներկայացուցչին է հորդորել դեմ քվեարկել, որպեսզի մշակվի բոլորի կողմից ընդունելի տարբերակ, և նոր բերվի քննարկման. «Այս նախագծում կան այնպիսի անգրագետ ձևակերպումներ, որ նույնիսկ ամոթ է, որ դնենք քննարկման»,-ասաց նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հարց բարձրացրեց. «Ասենք թե հանձնաժողովն ու կառավարությունը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ինչո՞վ է խանգարում, որ այն մտնի ԱԺ մեծ օրակարգ, քառօրյայի մասին չի խոսքը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ դեմ չէ, որ նախագիծը մտնի նստաշրջանի օրակարգ և քննարկվի: «Մենք կողմ ենք, թող ընդգրկվի և քննարկվի, և ով ինչ առաջարկ ունի, թող ներկայացնի: Մոտեցումները լիարժեք կլինեն, և հարցը շատը ավելի արագ լուծում կստանա»:
ՕԵկ-ական Հովհաննես Մարգարյանն էլ, հիշեցնելով, որ նախագծի հեղինակը միայն Հեղինե Բիշարյանը չէ, այլ նաև ինքն է, խնդրեց նախագիծը քննարկել հիմա. «Ինչ ուզում եք գենդերի անունը դրեք, թող մենակ թե ընդունելի լինի նամուսով և թասիբով մեր հասարակության համար»:
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առաջարկեց առայժմ չքննարկել. «Որպեսզի սա չդիտվի կողմերի և դեմերի հարց, կա աշխատանքային խումբ, թող միասնական տեքստ և փոփոխություններ ներկայացնեն, վերջում բերվի Ազգային ժողով»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ հակադարձեց. ինչու՞ են վախենում նախագիծը ԱԺ բերելուց, և սպասում են, որ նախ կառավարությունը նայի: «Կառավարությունը ինչ նայում է, ձախողում է: ՕԵԿ-ի կողմից առաջարկվող տարբերակին համաձայն չեմ, բայց թող մտնի ԱԺ օրակարգ»:
Իսկ այս ամենից հետո, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը բուռն ելույթ սկսեց հայկական արժեքների ու ավանդույթների մասին, Էդվարդ Շարմազանովը ստիպված եղավ ընդհատել գործընկերոջը՝ հիշեցնելով, որ ելույթները պետք է լինեն ընդամենը վարման կարգի վերաբերյալ, ոչ թե օրենքի բովանդակության և առաջարկեց ի վերջո քվեարկության դնել հարցը:
Արդյունքում ՕԵԿ-ականների նախաձեռնությունը չընդունվեց՝ 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Tags: Ազգային ժողով, ՕԵԿ