Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատրաստվում է տիեզերք թռչել

o_670262Բրիտանացի ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր կյանքի հերթական նպատակը տիեզերք թռչելն է անվանել: Դրա մասին նա հայտնել է Լոնդոնում, բարեգործական երեկույթի ժամանակ.”Այն փաստը, որ ես արհեստական շնչառության սարքին եմ միացված,  չի փոխել իմ կենսակերպը: Այն պահից, ինչ ես առանց դրա ոչ մի քայլ չեմ կարողանում անել, եղել եմ Բրյուսելում, Մեն կղզում, Ժնևում, Կանադայում, 2 անգամ` Կալիֆոռնիայում: Ես հույս ունեմ, որ կկարողանամ  գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic  ընկերության սարքով նաև դեպի տիեզերք թռիչք կատարել: Տիեզերք, ես կթռչեմ քեզ մոտ”:

Գիտնականի խոսքերը ծափողջույններով են ընդունվել:

Հոքինգը 6 տարի առաջ ԱՄՆ ՆԱՍԱ-ի օդանավով  թռիչք կատարեց, որը նրան հնարավորություն տվեց կարճաժամկետ անկշռելիության զգացում ունենալ: Հոքինգը տառապում է ամիոտրոֆիկ սկլերոզով, որը նրա մոտ լրիվ անդամալուծություն է առաջ բերել: Հիմա նա 71 տարեկան է ու արտաքին աշխարհի հետ շփվում է միակ աշխատող  այտի մկանի միջոցով, որը հատուկ հաղորդիչների օգնությամբ ազդանշան է հաղորդում խոսքի համակարգչային սինթեզատորին:

Ապրիլի 29-ին Virgin Galactic ընկերության  SpaceShipTwo սուբուղեծրային  օդանավը կատարեց իր առաջին թռիչքը Կալիֆոռնիայի անապատի վրայով` հաղթահարելով ձայնային արգելքը: Տարվա վերջին  օդանավը մշակողները մտադիր են այն բաց տիեզերք ուղարկել:

 

Tags: