Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ադրբեջանական “ATV” հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ չի հավատում Ռուսաստանի հակաադրբեջանական դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Կովկասի միջև հակասությունների ստեղծման հարցում հետաքրքրված են որոշ պետություններ, հաղորդում է “Հագին” կայքը:
Նա նշել է, որ Ռուսաստանը չի վարում հակաադրբեջանական քաղաքականություն: “Ես նախկինում էլ եմ նշել, որ երբեք ականատեսը չեմ եղել` Ռուսաստանը պետական մակարդակով Ադրբեջանի դեմ ծրագիր ունենա: Կան ուժեր, որոնք ցանկանում են և՛ կրոնական, և՛ ազգային հողի վրա տարաձայնություն սերմանել: Այդ ուժերը ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս են”,- ընդգծել է Կովկասի մահմեդականների ղեկավարը:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտությունից` Փաշազադեն նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները կարող են ազդել խնդրի կարգավորման վրա: “Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուծել ղարաբաղյան խնդիրը: Մենք կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ այդ հարցի կարգավորման գործում: Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարց չէ: Դա քաղաքական հարց է, որը պետք է լուծեն պետությունների ղեկավարները”,- ասել է նա`ընդգծելով, որ “Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և միշտ կլինի նրա անքակտելի մասը”:
Tags: ադրբեջան, Ռուսաստան, Փաշազադե
