Տաքսու վարորդները շարունակում են պահանջել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, ինչպես նաև` Երևանում անվճար կայանատեղիների սահմանում։
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանը կարեւորեց, որ օրինական դաշտում աշխատեն բոլոր տաքսիները` անկախ պետհամարանիշի գույնից՝ դեղին է, թե սպիտակ։ Մեկ այլ տաքսու վարորդ էլ նշեց, որ այսօր քաղաքում շուրջ 4000 տաքսի է գործում եւ կարծիք հայտնեց, որ իշխանությունները պարտավոր են շուրջ 1500 տաքսու համար նախատեսված անվճար կայանատեղի ստեղծել։ Սա կնպաստի մայրաքաղաքում ծանրաբեռնվածության թեթևացմանը և վթարներ էլ ավելի քիչ կլինեն, այս մասին հաղորդում է Փաստինֆոն:
Տաքսու վարորդ Գագիկ Սավզյանն էլ իր հերթին նշեց, որ 2013 թվականի սկզբներին իրենց ասվել էր, որ դեղին համարանիշները պետք է հանձնվեն, իսկ ուղեգիր ասվածն էլ այլևս չի լինելու, սակայն ընդամենը օրեր առաջ իրեն տուգանել են ուղեգիր չունենալու համար:
Չնայած մի շարք խնդիների առկայությանը` տաքսու վարորդների համար պատուհաս են դարձել հատկապես վճարովի կայանատեղիները։ նրանք միաձայն պնդում էին, որ ուղևորը խնդրում է կանգնել, և իրենք չեն կարողանում բացատրել, որ իրենցից շատերը sms չեն կարողանում ուղարկել և մի քանի րոպեի համար տուգանվում են 5000 դրամ:
Վարորդները պահանջում են դաշտի օրինականացում և շահավետ պայմանների ստեղծում թե՛ նախարարության և թե՛ տաքսու վարորդների համար: «Ներկայումս ոլորտը բարձիթողի վիճակում է և ով ինչպես ուզում է այդպես էլ աշխատում է»,- նշեցին վարորդները:
Ըստ Տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանի՝ վարորդների բարձրացրած խնդիրները իրենց համար նորություն չեն։
Վերջինս նաև նշեց, որ իրենց կողմից օրենսդրական փաթեթ է մշակվել, և ներկայումս գտնվում է Ազգային ժողովում: Ըստ նրա այդ փաթեթը կարգավորում է այն բոլոր հարցերը, որոնց մասին բարձրաձայնում են վարորդները:
Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ նախարարի դիրքորոշումը հստակ է` կրճատել տաքսու վարորդների ծախսերը և նրանց ազատել միջնորդ կազմակերպությունների աջակցությունից:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ կարող է ամսական մուծել 12 000 դրամ եւ նշված ոլորտում ծավալել գործունեություն ծավալել, սակայն միայն սպիտակ պետհամարանիշներով:
Tags: կայանատեղիներ, Տաքսու վարորդներ