«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշար. Ծանոթությունը կկայանա խաղահրապարակում

IMG_0109Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 28-ին Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկելիք  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարին:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ հավաքականի թեկնածուների թվում են 27 խաղացողներ: Նրանցից 11-ը Երևանից են, 7-ը` Վանաձորից, 6-ը` Ալավերդիից, 3-ը` Ստեփանակերտից:

Ներկայումս մարզիկները խմբերով պարապում են իրենց բնակավայրերում: Մասնավորոպես, Երևանում պարապմունքները կազմակերպվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում:

Գլխավոր մարզչին օգնում են փորձառու մասնագետներ` Արարատ Բարսեղյանը (Վանաձոր), Աշոտ Հակոբյանը (Ալավերդի), Մարկ Մելիքյանը (Երևան):

Նոյեմբերի 14-18-ը մեր երկրի ընտրանին  ուղևորվելու է Թբիլիսի, որպեսզի համատեղ մարզումներ և ստուգողական հանդիպումներ անցկացնի Վրաստանի ներկայացուցիչների հետ:

«Երևանյան միջազգային մրցաշարի մասնակցությունը նախապատրաստական փուլ է 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընռրական մրցաշարից առաջ: Ինչպես հայտնի է, Ռումինիայում մրցելու ենք տանտերերի և Թուրքիայի հավաքականների հետ: Այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք  առաջիկա միջազգային մրցաշարում կարևորելու ենք արդյունքը: Տանը հանդես գալու հանգամանքը պարտավորեցնում է, հավաքականը փորձելու է հնարվորինս լավ խաղալ: Թիմում ընդգրկվելու համար մրցակցություն է ծավալվել, բոլոր օղակներում էլ կան շնորհալի մի քանի երիտասարդներ: Հավաքականի կազմը կհստակեցվի  միջազգային մրցաշարի ավարտից հետո: Ինչ վերաբերում է մեր մրցակիցներին, ապա նրանց մասին քիչ բան է հայտնի: Այնպես որ, ծանոթությունը կկայանա խաղահրապարակում»,- ասաց Օհանյանը:

Tags: , ,