Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի քաղաքների հետ իսկապես համագործակցությունը պետք է լինի ջերմ ու գործնական: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին, Երևանի քաղաքապետը նշել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում այս ոլորտում ծրագրային հստակ քաղաքականություն իրականացնելու և Երևանը զբոսաշրջիկներին լավագույնս ներկայացնելու ուղղությամբ. «2795 ամյա Երևանը, որն ունի մշակութային հարուստ պատմություն, ձևավորված ավանդույթներ ու հյուրընկալ բնակիչներ, իսկապես աշխարհին ներկայանալու լայն հնարավորություններ ունի: Մենք ակտիվ համագործակցում ենք զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած մի շարք ընկերությունների հետ Երևանում զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում նաև Ձեր ջանքերի շնորհիվ, տիկին նախարար, այս ոլորտում կունենանք համագործակցության ու փորձի փոխանակման հեռանկարային զարգացումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ Երևանի զարգացման ծրագրերով այսօր աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացման ու տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախությամբ փաստել է, որ այսօրվա Երևանն իսկապես լայն հնարավորություններ ունի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար. «Վստահեցնում եմ, որ անձամբ իմ մասնակցությունը կունենամ Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև համագործակցության հաստատման գործում, ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Լիլիամ Քեշիշյանը:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյի զբոսաշրջության տնօրեն Րաֆֆի Ունանյանն էլ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Մոնտեվիդեոյի քաղաքապետի ջերմ ողջույններն ու հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու հարցում վերջինի պատրաստակամության մասին:
Շնորհակալություն հայտնելով երկու մայրաքաղաքների համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու Մոնտեվիդեոյի գործընկերոջ առաջարկի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ և մշակել համագործակցության համապարփակ ծրագիր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան, Լիլիամ Քեշիշյան
