Գյումրու քաղաքապետարանի փողերը ծախսվել են հեռախոսային խոսակցությունների վրա

Լևոն Բարսեղյան2012թ. նոյեմբերի 12-ին Գյումրու նոր ավագանին գումարեց առաջին նիստը, այսօր, 1-ամյա գործունեության արդյունքներն ամփոփեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Նա ավագանու այն անդամներից է, ով երբեք չի բացակայել նիստերից, միշտ շատ ակտիվ է եղել, ունեցել է հստակ դիրքորոշում և չի խուսափել նախագծերին դեմ քվեարկելուց:
Գյումրու քաղաքապետարանի և ավագանու գործունեությունը վերլուծելիս ավագանու անդամը խոսեց և դրական տեղաշարժերից և բացթողումներից.:
“Առաջին անգամ հանրային բաց քննարկման է դրվել համայնքի զարգացման քառամյա ծրագիրը: Նախկինում էլ է մեր քաղաքն ունեցել` սկզբում եռամյա, հետո քառամյա ծրագրեր, բայց այս անգամ իսկապես եղել է հրապարակային: Համայնքային ծառայողների մրցույթները. տեսությունը մեզ հուշում է, որ նման մրցույթներ պետք է, որ եղած լիներին, բայց դրանց հրապարակայնության մասին ես տեղեկություններ չեմ ունեցել: Առաջին անգամ, իմ իմանալով, դրանք սկսվեց անցկացվել այստեղ` մի քանի ամիս առաջ: Ի դեպ, մրցույթներում պարտված թեկնածուներից ես ոչ մի բողոք չեմ ստացել:
Ավագանու նիտերը, ի տարբերություն նախորդի, եղել են ջանադիր քննարկումներով: Փրձառու լրագրողները, ովքեր եղել են նախորդ նիստերին, կփաստեն, որ 10, 15-20 րոպե տևող նիստեր էին, սեղաններին թուղթ չի եղել: Հիմա ավագանու նիստերը տևում են 1.5-2 ժամ: Միջավայրն անհամեմատ աշխատանքային է, քան նախկինում էր. դեմ, ձեռնպահ քվեարկություններ են հայտնվել”, – որպես առաջընթաց առանձնացնում է ավագանու անդամը:
Իսկ բացթողումների ու թերացումների մասին Լևոն Բարսեղյանը նշում է հատկապես ֆինանսական աուդիտի անհրաժեշտության ու չանցկացնելու մասին. “Նախկինում եղած ֆինանսական շարժերի, անգամ 7-10 տարվա աուդիտի կարիք կա: օրինակներ բերեմ. ես խնդրել և ստացել եմ 2007թ. քաղաքապետարանի հեռախոսներից հեռախոսազանգերի կոտագրությունը: Առայժմ ուսումնասիրել եմ արտասահման կատարած զանգերը: Պարզվել է, որ միջին հաշվով յուրաքանչյուր ամիս արտասահման խոսվել է 200-300 հազար դրամի: Խոսվել է 8-11 երկիր, դրանք ոչ մի կապ չունեն Գյումրու քույր-եղբայր քաղաքների հետ: Խոսվել է Հոլանդիա, Ռոստով, Մոսկվա, Դուբայ, Կանադա, Ամերիկա և այլն: Սա, պատկերացնու՞մ եք, տարեկան ինչ թիվ է: Տեղական համարները դժվար է ստուգել` գործով է խոսվել, քաղաքապետարանի կարիքների համար է խոսվել, թե մասնավոր:
3 մլն դրամ ծախսվել էր “Գյումրի” գրքի տպագրության համար արխիվային թանկարժեք նյութերի պատճենման նպատակով`պետական արխիվից: Հարցում եմ արել քաղաքապետարան, թե էդ նյութերն ուր են, ասում են` չունենք: Մի խոսքով, անցած այս ամբողջ ժամանակաշրջանն ինչ-որ անհասկանալի ծախսերի շրջան է”:
Լևոն Բարսեղյանը նաև գտնում է, որ պետք է ուսումնասիրել քաղաքապետարանի հաստիքակազմը, թե 21-րդ դարում ինչ է նշանակում համակարգչային օպերատոր. “Ինձ համար անընդունելի, անհասկանալի է, նախկին ոստիկանների ներկայությունը քաղաքապետարանում, որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Գուցե ես սխալվում եմ, գուցե ոստիկան ժամանակ ինքը ոստիկան է եղել, հիմա բարեխիղճ տարածքային ինքնակառավարման պաշտոնյա է”:

Tags: