Ինչպես արդեն նշել ենք, պաշտոնապես փակվեց “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը: Ամփոփելով տարվա ընթացքում կատարվածն ու բացերը, ծրագրի գնահատականն ու նշանակությունը Գյումրիում ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
“Մշակութային ծրագիրը ստացվեց: Մեկ տարի Գյումրիում մշակութային կյանքը եռում էր: Եղան շատ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրներից եկած հյուրեր: Նրանք տեսան մի քաղաք, ուր ապրում են դժվարությունները հաղթահարելու ընդունակ, կենսախինդ, հումորը գնահատող, հյուրասեր ու ջերմ մարդիկ: Մշակութային միջոցառումների բացման ժամանակ ես կատակով ասացի`հայրաքաղաք էինք, դարձանք մայրաքաղաք` առայժմ մշակութային: Այսօր ուզում եմ ամենայն լրջությամբ ասել, որ մենք բոլոր ակնկալիքներն ու հնարավորություններն ունենք գոնե մշակութային մայրաքաղաքի տիտղոսը պահելու և զարգացնելու համար: Գիտենք, որ ուրախությունը ուրախություն է բերում, ուրեմն, այսուհետ ուրախանալ այնպես, ինչպես վայել է մեր քաղաքին ու քաղաքացուն”, – իր խոսքում նշեց մարզպետ Ցոլակյանը:
Մշակույթի նախարարն էլ գերադասեց գնահատականները թողնել քաղաքի բնակիչներին. “Իսկապես այս տարին շատ հագեցած էր ու շատ արագ անցավ: Ինձ հարց տվեցին, թե որպես մշակույթի նախարար ինչպես եք գնահատում տարին, ես պատասխանեցի, որ առաջին հերթին պետք է գնահատեն գյումրեցիները, այն մարդիկ, որոնց համար հռչակված էր մշակութային մայրաքաղաքը: Եվ ասելով, որ եզրափակում ենք այս ծրագիրը, մենք ասում ենք` ընդամենը միջակետ ենք դնում, և այս ծրագրերը պետք է շարունակենք, ամեն ինչ անենք, որ այս ոգին ու շունչը կարողանանք պահել”, – ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:
Իր հերթին, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նշեց, թե բոլորը դեռ տպավորված են Գյումրիում տեղի ունեցած ծրագրի բացման շքեղ արարողությունից. “Ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի բացում էր այստեղ: Երբ ֆոտոներն ու տեսանյութերը ներկայացնում եմ Մոսկվայում կամ այլ տեղ, զարմանում են, թե ինչպես կարելի է այդպիսի բացում կազմակերպել, այդքան հյուրեր… Դա մեծ հաղթանակ էր: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք. Երևանը դեռ չկար` Գյումրին Գյումրի էր: Մենք դա լավ գիտենք և հպարտանում ենք դրանով: Սա ուղղակի միջոցառում չէր: Ես պետք է ասեմ, որ ամեն ինչ փայլուն կազմակերպվեց, ոչ մի երկրում, այս տարիների ընթացքում, այս մակարդակով մշակութային մայրաքաղաք չի կազմակերպվել, ինչ որ Գյումրիում”:
ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաքի քաղաքապետն էլ հավելեց. “2013 թվականը պատմական դարձավ Գյումրու համար: Տեղին էր Գյումրի քաղաքի ընտրությունը, որովհետև Գյումրին արհեստի ու արվեստի, մեծերի քաղաք է: Գյումրին այնպիսի պատմություն ունի որտեղից ակունք է առել ամբողջ ՀՀ մշակույթը:
Մենք ստացանք նաև նոր հավաստագիր. 2013թ. լավագույն համայնքներ մրցանակաբաշխությունում ստացանք լավագույն մշակութային համայնք տիտղոսը”:
Մշակութային մայրաքաղաքի միջոցառումներն ավարտվեցին Գյումրու մեծանուն բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած ՌԴ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղեցիկ համերգով, որին հաջորդեց շքեղ հրավառությունը:
