ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայից նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ երկիրը հրաժարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնել 2014-2015 թթ:
Նամակում նշվում է, որ Սաուդյան Արաբիան “ցավոք այն վիճակում չէ, որ տեղ զբաղեցնի Անվտանգության խորհրդում, որի համար ընտրվել էր 2013-ի հոկտեմբերի 17-ին”: Որպես այդ քայլի բացատրություն նամակին կցվել է երկրի արտգործնախարարության հոկտեմբերի 18-ի դիմումը, որտեղ նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անկարող է նպաստել պաղեստինյան հարցի ու Սիրիայի հակամարտության կարգավորմանը”:
ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի փոխարեն այդ տեղը կզբաղեցնի Եմենը:
Դիվանագետները պարզաբանել են, որ հիմա այդ տեղի համար փոխարինողի արագացված որոնումներ կսկսվեն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային մյուս երկրներից: Թեկնածուն պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայում, գաղտնի քվեարկությամբ: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև 2014-ի հունվարի 1-ը, երբ նոր ժամանակավոր անդամները կանցնեն իրենց պարտականություններին:
Tags: ՄԱԿ