ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չընդունվեց. քվերակությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր

photo.php_4

Խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհ Փոստանջյանի կողմի ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ելույթի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, սակայն Հովիկ աբրահամյանը նրան նախապես զգուշացրեց, որ եթե խոսի ոչ թե վարման կարգի վերաբերյալ, այլ նախագծի բովանդակությունից, ապա խոսափողը կանջատի:

Երբ Փոստանջյանը ելույթը սկսեց նախօրեին խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումից, և հայտարարեց, որ բանակցային գործընթացը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե խաթարված է, նրա խոսափողն անջատվեց:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քննարկմանը ոչ թե նրա համար, որ դեմ են գործընթացին (նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական դաշտ ենք եկել հենց Ղարաբաղի հարցով), այլ որովհետև դրանով իրենց տհաճությունն են ցուցաբերում քվեարկության նկատմամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ԲՀԿ-ի համար Արցախի հարցը լրջագույն խնդիր է և չի կարող դառնալ քաղաքական խաղերի մանրադրամ:

ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյան` նշելով, որ իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ վաղաժամ են համարում հարցը խորհրդարանում քննարկելն ու քվեարկելը:

Խոսել ցանկացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտը Բագրատյանը, սակայն մի քանի բառ ասելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անջատեն նրա խոսափողը. Բագրատյանն ինչ որ տնտեսական հաշվարկներ էր ուզում ներկայացնել…

«Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց «Ժառանգություն»-ը չներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ԼՂՀ հիմնախնդիրն ամենազգայուն փուլում է, և այսօր այն խորհրդարանում քննարկման առաջկա դարձնելը ճիշտ չէ, ուստի նա նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Խմբակցության տեսակետները չկիսող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ` չնայած որ երեկ հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես ասաց, որ չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի վտանգի տակ չդնի սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը:

Արդյունքում օրինագծի քվեարկությանը դահլիճում ներկա 109 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 11-ը, որից տասը կողմ արտահայտվեց օրինագծին, իսկ մեկը` ձեռնպահ:

Tags: , ,