«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերահաստատում է Ծածկած շուկայի համար պայքարի իր վճռականությունը

Ծածկած շուկաՀին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:
ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն

 

Tags: ,