«ՌեԱնիմանիա»-ի տնօրենն ամփոփել է 5-րդ կինոփառատոնի արդյունքները

1374726_748244921858313_1678597567_nԱյսօր, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա»  5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին խոսեց արդեն 5-րդ անգամ իրականացված «ՌեԱնիմանիայի» ձեռքբերումների մասին և ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Մովսիսյանին, ինչպես նաև նշեց, որ այսուհետ փառատոնի խորհրդի անդամ` Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն  Տիցիանա Լոսկին աշխատելու է նաև փառատոնի ներսից, որպեսզի փառատոնն ավելի մեծ մասշտաբի և հորիզոնների հասնի:

Այս տարի փառատոնն առաջին անգամ անցակվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Երեք օր շարունակ՝ նոյեմբերի 1-3-ը, փառատոնի լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոդահլիճում, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում։ «ՌեԱնիմանիա» թիմն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ԼՂՀ-ում փառատոնի անցկացմանն աջակցելու համար:

Անդրադառնալով փառատոնի հյուրերին՝ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի հյուրերը, որոնց թվում էին ֆրանսիացի անիմատորներ Մարկ Բորեալը, Բաստիեն Դյուբուան, Զուլի Նոբելեն, Նատալիա Միրզոյանը Ռուսաստանից, փառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին և այլոք, ևս առիթ ունեցան այդ օրերին գտնվելու ԼՂՀ-ում և այցելելու ԼՂՀ պատմամշակութային վայրեր։

Արցախում ցուցադրվեց նաև Բաստիեն Դուբուայի Արցախի մասին ֆիլմը` «Դիմանկարներ ճանապարհորդություններից» շարքից։ Անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը՝ նշենք որ, լինելով «ՌեԱնիմանիա» փառատոնի հյուրերը 2011 թվականին, Բաստիեն Դուբուան և Զուլի Նոբելեն իրենց վարձակալած մեքենայով ճամփորդում են Հայաստանով և հայտնվում Արցախում։ Այստեղից էլ սկսվում են նրանց արկածները, արդյունքում անիմատորները նկարում են ֆիլմ Արցախի մասին։

Վրեժ Քասունին նաև հպարտությամբ նշեց, որ նոյեմբերի 4-ին «ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն 5-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուր, Անսի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ համաշխարհային ժամանակակից անիմացիոն կինոարվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ անիմատորների հետ ունեցած համագործակցության և մասնագիտական օժանդակության համար։

«ՌեԱնիմանիա» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում էր հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հենրիկ Մալյան անվան կինոդերասանի թատրոնում, Նարեկացի արվեստի կենտրոնում, Ափ Թաուն ակումբում, Պողոսյան պարտեզներում։ Վարպետության դասընթացներ անկացրեցին համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ։

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվեց ՀՀ նախագահի աջակցությամբ: