Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար. Արծվիկ Մինասյան

մինասյանՊատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց հղեց վարչապետին. “Կառավարության պատվիրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքներից ակնհայտ է, որ ժողովրդի զգալի մասը բացասական է վերաբերում մի շարք ոլորտների բարեփոխումների, առանձին գործիչների: Հարցվածների 60 տոկոսից ավելին բազմաթիվ հարցերի մասին բացասական դիրքորոշում ունեն, նախագահի գործունեության մասին` բացասական, կառավարության գործունեության մասին` բացասական: Այդքանց հետո ակնհայտ է, որ ստրատեգիական փոփոխությունների կարիք կա: Ի՞նչ հետևություն եք արել:  Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար”:

Վարչապետ  Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց` ասելով, որ պատգամավորն աղավաղում է փաստաթղթի նշանակությունը. “Սա մեր հրապարակային գործիքն է, որ հնարավորություն է տալիս մշակել ծրագրեր ու կատարել շտկումներ: Սա միջազգային մեթոդաբանությամբ իրականացվող հարցում է, և դուք աղավաղում եք դրա նշանակությունը: Դժվար է գտնել անցումային մի երկիր, որտեղ չլինեն նման նեգատիվ գնահատականներ: Մենք համեմատում ենք նաև հարևան երկրների հետ, և նման գնահատականներն օրինաչափ են”: