Եթե Բեգլարյան Գագիկը ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը

загруженноеԶարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամին  հարց հղեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին` խնդրելով պատասխանել, թե այդ ի՞նչ մոնոպոլիա է պատրաստվում նա ստեղծել տաքսու ոլորտում, քանի որ պատգամավորը նկատել է, որ “Տաքսու ոլորտը վերածվել է գրդոնի”:

Գագիկ Բեգլարյանը իրոնիայով ընդունեց պատգամավորի հարցը. “Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը, պարզեցնելով մոնոպոլիա չեն սարքում, այդպես չի լինում: Դա հասկանալու համար սովորական տրամաբանություն է պետք ունենալ: Եթե մեկ անգամ նստեք տաքսի, ինքներդ էլ կհասկանաք Ձեր ասածի տարօրինակությունը”:

Իրոնիայով պատասխանը լուրջ ընդունեց Զարուհի Փոստանջյանը.  “Հենց այսօր եմ նստել տաքսի, և բոլոր տաքսու վարորդների մոտ էլ կա տեսակետ, թե դուք ունեք միայն մեկ  նպատակ, որ ոլորտը մոնոպոլիզացվի”:

Գագիկ Բեգլարյանը, օգտվելով առիթից, որ պատգամավորը երկրորդ արձագանքի իրավունք չունի, պատասխանեց. “Հիմա ես բացատրեցի, և դուք հասկացաք չէ՞, որ այդ տաքսիստները սխալ գիտեն: Ինձ թվում է, որ դուք, որպես պատգամավոր, հաջորդ անգամ նման տաքսիստի հանդիպելիս պետք է համոզեք նրան հակառակում, որի համար շատ շնորհակալ եմ”:

Tags: