Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ տասքու վարորդների կողմից վերջին շրջանում բողոքի նոր ալիքի բարձրացմանը. «Բողոքները շատանում են, և սա ըմբոստության է վերածվելու, որովհետև բեռը, որի մասին իրենք խոսում են, գնալով ավելանում է»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը պարզաբանեց, որ խնդիրը վերաբերում է վերջին 4 տարիների ընթացքում չորս նոր ֆինանսական բեռի ավելացմանը` ԱՊՊԱ, արագաչափեր, խաչմերուկները նկարահանող սարքեր: Եթե պատգամավորն այդ ամենին գումարում է նաև վարորդների մյուս հազար ու մի ծախսերը, ապա ստացվում է, որ նրանց բեռը նվազագույնը 150 հազար դրամով ավելանում է, իսկ տաքսու վարորդները, ինչպես գիտենք, հիմնականում աղքատ խավի ներկայացուցիչներ են:
Եթե կառավարությունն ու քաղաքապետարանը հսկայական արտոնություններ են կարողանում տալ մասնավոր ընկերություններին, որոնք հսկայական գումարներ են աշխատում բյուջեի այս սուղ պայմաններում, ապա ինչո՞ւ հանդես չգալ առաջարկությամբ` նաև մասնավոր հարկային տեսչություն ստեղծելու վերաբերյալ: Արամ Մանուկյանն աառաջին քայլն անում է և վստահեցնում է, որ ինքը կառաջարկի ոչ թե 30 տոկոսը պետբյուջե, 70-ը` ընկերությանը հարաբերակցություն, այլ 80 տոկոսը` պետբյուջե: Նա իր առաջարկը աբսուրդ չի համարում, ավելին. գիտի օրինակներ, որ աշխարհի տարբեր երկրներում, երբ ոլորտում խառնաշփոթ վիճակներ են առաջացել, նման առաջարկներ եղել են, անգամ եղել են դեպքեր, երբ գողական և հանցագործ աշխարհն է այս հարցը կարգավորել. «Հիմա էլ է համարյա էդպես կարգավորվում, և ես ամենևին ազնիվ չեմ համարում էն մարդկանց, որ 9 ամսում հետ բերեցին իրենց գումարները և գերշահույթ են ստանում միլիարդավոր դրամներով»,-ասաց Մանուկյանը` խոստանալով իր առաջարկն ընդունելու դեպքում կրկնակի անգամ ավելացնել բյուջեի մուտքերը և 7 անգամ պակասացնել իր շահույթը` ի տարբերություն այն երկու մասնավոր կառույցների, որոնց հետ այժմ պետությունն աշխատում է:
Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն Արամ Մանուկյանի առաջարկում հետաքրքիր բաներ տեսնելով` առաջարկեց վերջինիս օրենքի նախագիծ պատրաստել` իհարկե ոչ լուրջ:
Ինչ վերաբերում է տաքսու վարորդների բողոքին, ապա Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ է մտնելու խորհրդարան, որը շատ հարցեր իր տեղը կդնի:
