ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ գործող իշխանությունն այս փաստաթղթով հերթական անգամ հաստատում է իր անկարողությունը երկրում աղքատությունը վերացնելու, տնտեսությունը կարգավորելու հարցում: Պատգամավորը կարծում է, որ բյուջեն իր մեջ մեծ ռիսկեր է և հարցեր է պարունակում, որոնց պատասխանները չկան: «Օրինակ, նախագծում նշված է, որ հարկային մուտքերը կախված են տնտեսական աճից: Բայց ի՞նչ հիմքեր կան տնտեսական աճի համար, հայտնի չէ»:
Նա համոզված է, որ անգամ այս համեստ բյուջեն չի կատարվելու, քանի որ առկա են մի շարք մարտահրավերներ` արտագաղթ, կոռուպցիա, ներդրումների խիստ նվազում, ներկրումների բարձր, արտահանման ցածր տոկոսներ, էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացում և այլն:
Խոսելով արտագաղթի մասին` պատգամավորը մեջբերեց 125 000 արտագաղթյալների պաշտոնական թիվը: Նաև ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից ստացված տվյալները, ըստ որի տարեցտարի Գրին քարտի դիմումատուների թիվն ավելանում է, և որ անցյալ տարվա տվյալներով դիմումատուների թիվը եղել է հարյուր հազար, մինչդեռ յուրաքանչյուր գնացող մարդկային ռեսուրս է, որի կորուստը տնտեսության համար լրջագույն մարտահրավեր է:
Խոսելով ներդրումների մասին` պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը ժամանակին տարեկան տվազագույնը տասը տոկոս ներդրումների աճ էր խոստացել, իսկ այսօր արձանագրում է, որ 60 տոկոսով նվազել են ներդրումները: “Այս թիվը դուք եք ասում, ոչ թե ընդդիմությունը: Սա վկայում է, որ Հայաստանը որպես վստահելի գործընկեր չի դիտարկում: Անգամ ներքին ներդրողը չի վստահում”:
Մանուկյանը մեջբերեց նաև միջազգային տվյալներ ՀԱյաստանի մասին` նշելով, որ դրանցից մեկի համաձայն, Հայաստանի տնտեսությունը վատագույն տասնյակի մեջ է, իսկ ներքին մրցակցության բացակայության առումով 133-րդը` 155-ի մեջ, ինչը վկայում է մենաշնորհի բարձր մակարդակի մասին:
Նա բաց չթողեց նաև հարկերի հավաքագրման գործընթացը` դա էլ որակելով անարդյունավետ և նշելով, որ այս մեթոդներով և իրավիճակում հնարավոր չէ բյուջե լցնել:
“Ձեզ փրկում են տրանսֆերները: Բոլոր ձեր փող հավաքելու միջոցներն անարդարացի են, ձեր կոռումպացված և փողասեր բնույթը չի կարող առաջընթաց ապահովել էս երկրում”,-ամփոփեց Արամ Մանուկյանը:
