Մենք հայերի հետ պատերազմում ենք հողի համար, որը որևէ մեկին հարկավոր չէ: Ինչպես Պուտինը, այնպես էլ Ալիևը հողի տերերը չեն. նրանք հարստության տերն են, նավթային կառավարիչներ են: Այսպիսի տեսակետ է հայտնել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին “Քարե երազներ” աղմկահարույց վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին ռուսական “Ռուսկի ռեպորտյոր” պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Ի պատասխան Ադրբեջանում գրքի տպագրումից հետո իր նկատմամբ հետապնդումերի մասին հարցին՝ գրողը նշել է, որ սկզբում չէր ցանկանում տպագրել այն, սակայն մյուս կողմից՝ չէր կարող ըմբոստանալ այն ամենի դեմ, ինչ տեղի էր ունենում:
“Ինձ համար ազգերի մերձեցումը կյանքի և մահվան հարց է: Չեմ ցանկանում մահանալ, եթե չեմ տեսնելու այս երկու ազգերին միասին: Երբ գրեցի գիրքը, սկզբում մտածեցի չտպագրել, սակայն, այնուհանդերձ, որոշեցի, որ պետք է դեմ գնալ ամենին, ինչ կատարվում է: Ամենավիրավորականն այն է, որ խոսում են ժողովրդի անունից: Ինչ-որ գրասենյակային առնետ ինձ սովորեցնում է՝ ինչ է մտածում ժողովուրդը: Ես մանկությունից տատիկներիցս, մորիցս հորեղբայրներիցս միայն լավն եմ լսել հայերի մասին”, -ասել է Այլիսլին`կոչ անելով ընդունել այն վայրագությունները, որոնք Ադրբեջանում կատարվել են հայերի նկատմամբ:
Նա վստահ է, որ ադրբեջանցիների շրջանում հանրաքվե անցկացնելու դեպքում ճնշող մեծամասնությունը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Ըստ “Հագին” կայքի`Աքրամ Այլիսլին, մեկնաբանելով իր վերոնշյալ հարցազրույցը, ասել է, որ չի վախենում իշխանությունների ճնշումներից: “Ես չեմ վախենում ճնշումներից: Իշխանությունները ինձ արդեն զրկել են ժողովրդական գրողի կոչումից, ճնշում են գործադրել իմ ընտանիքի նկատմամբ, և ես արդեն ոչնչից չեմ վախենում: Ես իմ դարն արդեն ապրել եմ, և հիմա ինձ համար ամենակարևորը մեր ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելն է”,- նշել է նա:
