«Բյուջեն թոփալ է, ո՞ւր են եկամուտները». Հրանտ Բագրատյանը տարակուսած է

Hrant-Bagratyan-e1352712024254Ազգային ժողովում տեղի են ունենում «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ամփոփիչ քննարկումները:

Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական դիրքորոշումը, պատասխանում է պատգամավորների հարցերին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարակից զեկուցողի հետաքրքրվեց. «Ո՞ւր են բյուջեի եկամուտները»:

Բագրատյանը նախագծում բյուջեի եկամուտների մասով ընդամենը վեց տող է նկատել, այնինչ, Սահմանադրությունն ասում է, որ բյուջեի եկամուտները պետք է հաստատել, բայց եթե չկան, ի՞նչը պետք է հաստատել: «959 էջի մեջ, եթե այլ տող կա եկամուտների մասին, ասեք, իմանամ: Դուք մեղավոր եք սրանում, բյուջեն թոփալ է, միայն ծախսերն են ներկայացված»,-ասաց Բագրատյանը:

Գագիկ Մինասյան պատասխանեց, որ բյուջեի եկամուտների մասով քննարկումներ են եղել նախնական համատեղ նիստերում, և եթե այդ քննարկումներին Բագրատյանը մասնակցած լիներ, ապա այդ հարցերի վերաբերյալ հանգամանալի տեղեկություններ կստանար:

«Ես որևէ պրոբլեմ այդ նախագծում չեմ գտել: Եթե դուք գտնում եք, որ կան խնդիրներ, ես պատրաստ եմ ձեզ հետ դրանք քննարկել՝ հրավիրելով նաև բյուջեի կառուցվածքը մշակողներին»,-ասաց Մինասյանը:

Tags: ,