ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն: «Պետք է շնորհակալություն հայտնենք հասարակական կազմակերպություններին, որոնք նախաձեռնող, շահագրգիռ և հետևողական էին այս հարցում, – հարցի առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Նաև պետք է խնդրենք նրանց, որպեսզի այս օրենքի կիրառման առումով հասարակական վերահսկողություն իրականացնեն, քանի որ զինանշանը, դրոշը պետականության կարևոր խորհրդանշաններ, ատրիբուտներ են և նպաստում են նաև մեր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը: Շատ շնորհակալ ենք հասարակական հատվածին»:
Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու նախաձեռնությունը, որը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից: Հաջորդ որոշմամբ գործադիրն անհետաձգելի է համարել օրենքի նախագիծը:
Նիստում հավանության է արժանացել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով սահմանվում է համայնքի զարգացման ծրագրի հասկացությունը, հստակեցվում ծրագրի ընդունման, դրանում փոփոխություն կատարելու ընթացակարգը, պարտադիր բաղադրիչները:
Գործադիրը քննարկել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
