Կառուցվում են կրթական և մշակութային օբյեկտներ, ճանապարհներ

հհ կառավարության նիստՀՀ կառավարությունը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում: Նոր որոշումը միտված է պահպանման և շահագործման արդի պահանջները բավարարող կրթական և մշակութային օբյեկտների ձեռքբերմանը և ՀՀ պետգնումների գործընթացին միջին և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ակտիվ մասնակցության ապահովմանը: Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը: Կառավարության նիստում հաստատվել է նշված առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը: Առաջիկայում կսկսվի իրացման աշխատանքը: Հաջորդ որոշմամբ գործող որոշման հավելվածում ընդգրկված ցանկից հանվել են այն հասցեները, որոնք ըստ ավտոճանապարհի նոր նախագծի այլևս չեն համարվում բացառիկ` գերակա հանրային շահ, ինչպես նաև այդպիսիք են ճանաչվել նոր տարածքներ: Օտարման ենթակա տարածքների ճշտումից հետո Երևանի քաղաքապետարանը` որպես ձեռքբերող, կիրականացնի իր պատվիրակված լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016թ. դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու համաձայնագիր:

Tags: ,