2014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումներն այսօր խորհրդարանում կշարունակվեն նաև արտահերթ նիստում: Իսկ մինչ այդ 2014-ի պետբյուջեի քննարկումն ավարտվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի` կառավարության, ՀՀԿ-ի և նախագծի վերաբերյալ բավականին ջերմ ելույթով:
Թվարկելով երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները` գործազրկություն, աղքատություն և արտագաղթ, պատգամավորը նշեց, որ սրանք այն հիմնական թիրախներն ու գերակայություններն են, որոնց պետք է միտված լինի ցանկացած կառավարության ուղղությունը: «Արդյոք այս փաստաթուղթն իր առջև դրե՞լ է այդ հիմնական թիրախները, արդյոք այս փաստաթութղը հնարավորություն տալիս՞ է այդ թիրախների նկատմամբ նպատակադրված քաղաքականություն իրականացնել,-հարց բարձրացրեց Խոսրով Հարությունյանը` ինքն էլ իր հարցին պատասխանելով,-աներկբա` այո»:
Նրա խոսքով` բյուջեում ամրագրված աշխատավարձերի բարձրացումը սպառնալիքները մեղմելու երաշխիքներից մեկն է: Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ քննադատություններին, ապա հանրապետական պատգամավորը դրական օրինակներ է առաջ բերում. արդեն երրորդ տարին է` ունենք արտահանման դինամիկա ներմուծման նկատմամբ, ունենք արդյունաբերության ոլորտում լուրջ տեղաշարժ: «Դրական է, բայց անկասկած` ոչ բավարար,-ասաց Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ անիմաստ է և ոչ կոռեկտ քննադատել կառավարությանը, թե այդ ուղղությամբ սխալ է եղել»:
Պատգամավորը վստահ է, որ այն կուրսը, որ որդեգրել է կառավարությունը, արդարացված է, ակայն կառավարության գործունեությունն անշուշտ անթերի չէ: Թերություններ կան, օրինակ` ներդրումների նվազումը: Հարությունյանը կարծում է, որ մեր տնտեսկան միջավայրն ավելի գրավիչ դարձնելու գործիքներ կան, որ պետք է կիրառվեն, այդ առումով ռեսուրսները բավարար չեն օգտագործվում, և կառավարությունը բավականին պատասխանատու պետք է վերաբերի այս ամբիոնից հնճող բոլոր քաղաքական հարցադրումներին:
Այնուամենայնիվ, նա կարող է վստահ հայտարարել, որ կառավարության պրոֆեսիոնալիզմը բավարար է, իսկ քաղաքական մեծամասնությունը` պատրաստակամ ստանձնելու պատասխանատվություն և դա առաջ տանելու:
Tags: Ազգային ժողով, Խոսրով Հարությունյան