«Այս կառավարությունը պետք է հեռանա Հայաստանի Հանրապետության իշխանությունից և այլևս որպես գործադիր իշխանություն չպետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու:
Նրա խոսքով` ներկայացված նախագիծը ոչ թե պետական բյուջ է, այլ որոշ անձանց շահերի բաշխում: «Հարյուր հազարը հատած արտագաղթի պայմաններում ումի՞ց պետք է հավաքագրեք այդ եկամուտները, որ ծախսեք: Ակնհայտ է, որ ձեզ չի հաջողվելու, հետևաբար ինչքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,-ասաց նա:
Մաքսային միությանը միանալու հետևանքով մաքսային դրույքաչափերի բարձրացումը, ըստ պատգամավորի, հաշվարկված չէ բյուջեի նախագծում: Բացի ֆինանսական տեսանկյունից, սակայն Փոստանջյանը հիշեցրեց, որ Մաքսային Միությանն անդամակցելը նշանակում է անդամակցել որոշակի արժեհամակարգի` Ռուսաստանին, Բելառուսիային, Ղազախստանին, որոնց հասարակությունները խեղդվում են կոռուպցիայի մեջ: «Ավտորիտար ռեժիմի խորհրդանիշ Լուկաշենկոյի հետ ցանկանանում եք ավելի խեղդել մեր երկրի որոշ ժողովրդական պրոցեսներ: Եվ եթե մենք ձեզ չհեռացնենք, դեռ մեզ ինչե˜ր են սպասվում, շատ հետաքրքի օրեր»:
Փոստանջյանը այս բյուջեն համարում է աղքատների բյուջե, քանի որ թոշակն ու աշխատավարձը շարունակելու են մնալ նվաստացուցիչ, իսկ չնչին բարձրացումների հետ արձանագրված գնաճը, նրա կարծիքով, ավելի է խորանալու Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում: «Այս բյուջեով ՀՀ բազմաթիվ համայնքերի ֆինանսավորումը կրճատվելու է, ավելանալու է նոր հարկատեսակ` կուտակային հիմնադրամների փոխանցումով: Տնտեսության ստվերային մասը շարունակելուէ մնալ նույն չափաբաժնով: Իսկ Ձեր կողմից սպասված դոնորների կոնֆերանսը, որ պետք է հրավիրվեր, դա էլ ձախողեցիք, հետևաբար այդ գումարները նույնպես չեն մուտքագրվելու մեր բյուջե»:
Վերջում Փոստանջյանը հորդորեց. «Հասկացե՛ք, ձեր հեռանալու օրերը եկել են»:
Tags: Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյան
