Կառավարության թիրախը միջին խավի ձևավորումն է

EE58F6C3-73EC-4D0D-868F-6FA611D86A54_mw1024_n_sԱԺ արտահերթ նիստում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումն ավարտվեց` ընդմիջվելով չորս օրով: Պատգամավորները հնարավորություն ունեն 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները:

Արտահերթ նիստի քննարկումն ամփոփվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Ինչպես նշեց վարչապետը, քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը,  իսկ ներկայացվող առաջարկությունները` ավելի հստակ պատկերացնել, թե ինչ խնդիրներ են այսօր կարևորում պատգամավորները, որոնք են նրանց համար առաջնահերթ, և այս ամենը հնարավորություն է տալիս կառավարությանը ճշգրտել և ուղղումներ մտցնել իրականացվող ծրագրի մեջ:

Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Հայաստանի հիմնական խնդիրներին` գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում երկրի համար և խոչընդոտում բնականոն զարգացումը, ասաց. «Այն, որ մեր քաղաքական թիմն արձանագրում է այս խնդիրները, դժվարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ, որոնք շատ հաճախ լինում են անհիմն և չեն նպաստում երկխոսությանը»:

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է մասնագիտական քննարկումների, պատրաստ է մասնակցել լսումների, ցանկացած հարցի տալ գնահատական` մանրակրկիտ ներկայացնելով տվյալներ, մոտեցումներ: Միաժամանակ կառավարությունը պատրաստ է ընդդիմախոսների հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ նրանք են առաջարկում, արդյունավետ են: Կառավարության ղեկավարի համոզմամբ` այդ ձևաչափի մեջ երկխոսությունը օգտակար կլինի նաև հասարակության համար, որովհետև հանրությունը կներքաշվի պոզիտիվ դաշտ: «Իսկ այստեղ անել ամպագոռգոռ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ և անհիմն մեղադրանքներ կառավարության հասցեին, ոչ մի լավ բանի չեն բերի: Դա ճիշտ ճանապարհ չէ: Ավելին, մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տվել, որ այդպիսի ռազմավարություն ընտրող ընդիդմախոսները ձախողվում են, իսկ հաջողության հասնում են նրանք, ովքեր ասելիք ունեն, հանդես են գալիս առաջարկներով: Սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն ընդունում է քննադատությունները, սակայն գտնում է, որ դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ կառավարության և ընդդիմախոսների պատկերացումները տարբեր են: «Մեր թիրախը հետևյալն է` միջին խավի ձևավորում, որի հիմքի վրա միայն  կարող է ձևավորվել քաղաքացիական հասարակություն, ինչը, ցավոք, ես չնկատեցի ձեր քննադատություններում»:

Վարչապետը կարծում է, որ վերջին տարիներին այս բնագավառում հաջողություն կա: «Հենց մեր ընդիմախոսներն են փաստում, որ մասնավորապես քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունենք լուրջ ձեռքբերումներ: Առաց միջին խավի, առանց քաղաքացիական հասարակության հնարավոր չէ բացահայտել մեր երկրի տնտեսական պոտենցիալը»:

Այդ առումով վարչապետը Ազգային ժողովին առաջարկում է կազմակերպել լսումներ փոքր և միջին բիզնեսի խնդիրների վերաբերյալ, քանի որ համոզված է, որ պետության ապագան պայմանավորված է հենց այս բնագավառում ունեցած հաջողություններով:

Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի առանձնահատկություններին` նա նշեց այն լրջագույն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այս բյուջեում. Ներկայացվել է արտահանմանը միտված քաղաքականության համալիր ծրագիր, ինչն արմատական փոփոխություն է մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ: Երկրորդ  լրջագույն փոփոխությունը վարչապետը համարում է սոցիալական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունները: «Սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, որ իրականացվում էր, արդյունավետ չէր, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ փոփոխությունները: Արդեն մի քանի անգամ բոլոր պաշտոնատար անձիք հնարավորություն ունեցան ներկայացնելու դա, բայց հեշտ պոպուլիստական ընկալում կա, թե զբաղվածության նպաստները վերացնում են, որով մեր հանրությունը թյուրիմացության մեջ է ընկնում: Չկա նման բան: Մեք ասում ենք` անարդյունավետ ծրագրերից անցնում ենք արդյունավետ ծրագրերի, շատ ավելի բարդ քաղաքականության, որի նպատակը սոցիալապես անմրցունակ խավերին աշխատատեղով ապահովելն է»,-ասաց Սարգսյանը:

Նա հարցրեց` արդյոք ճի՞շտ է 32,5  տոկոս աղքատություն ունեցող երկրում գործազրկության նպաստ ստանա, ասենք, բանկի կառավարիչը, որը ազատվել է աշխատանքից: «Այժմ մենք անցնում ենք սոցիալապես անմրցունակ խավերին ավելի շատ միջոցներ տրամադրելուն: Այս մոտեցումն ավելի ճիշտ է»,-պարզաբանեց նա:

Բյուջեի հաջորդ առանձնահատկությունը նա համարում է աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը` հիշեցնելով, որ ամեն անգամ ընդդիմությունը կառավարությանը քննադատում էր, որ այդ հարցն ուշացնում է. «238 հազար մարդու աշխատավարձ ենք մենք բարձրացնելու այս ռեֆորմի շնորհիվ»,-նշեց նա:

Բյուջեի մեկ այլ առանձնահատկություն էլ վարչապետը համարում է այն, որ ավելանալու են ծախսերը կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ կոռուպցիայի մակարդակը բարձր է:

Սոցիական փաթեթի ներդրումը վարչապետը համարում է հաջողված ծրագիր և նշում, որ դա ընդլայնվելու է:

Ինչ վերաբերում է ապահովագրական փաթեթին, ապա այն արդյունավետ չի եղել, որի պատճառով էլ հրաժարվելու են մասնավոր ընկերությունների ծառայություննրեից, փոխարենը այդ գործառույթն իրականացվելու է պետական գործակալության միջոցով, որի շնորհիվ տնտեսվելու են բավականին լուրջ ֆինանսական միջոցներ:

«Այս տարվա պետբյուջեն լինելու է բավականին ծանր, որովհետև այն ցուցանիշները, որ մենք դրել ենք, շատ համարձակ են, բայց մենք գիտակցաբար գնում ենք դրան: Եվ հաջողություն կունենանք այն դեպքում, եթե լինի համագործակցություն»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահարգիռ քննարկումների համար:

Tags: ,