Բողոքի մեծ երթ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների. տեսանյութ,լուսանկարներ

IMG_1566«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունը քիչ առաջ բողոքի երթ սկսեց, որին մասնակցում է մի քանի հարյուր քաղաքացի: Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից և շարունակվեց դեպի Հանրապետական խմբակցության գրասենյակ:

Երթի մասնակիցները “Մի դրդեք հարկատուներին արտագաղթի”, “STOP կուտակային կենսաթոշակին”, “Չպետք է նվազի աշխատավարձը” և այլ կարգախոսերով պաստառներով պահանջելու են ՀՀԿ-ին չբոյկոտել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում կենսաթոշակային պարտադիր վճարումների օրենքը գոնե մեկ տարով հետաձգելու հարցն է:

ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ և ՀԱԿ խմբակցություններին երեկ հաջողվել էր անհրաժեշտ ստորագրությունները հավաքել այդ հարցի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու նպատակով, իսկ հանրապետականները խոստացել էին չբոյկոտել: Սակայն այսօր արդեն հայտնի դարձեավ որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մտադիր չեն մասնակցել քննարկմանը:

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը արտահերթ նիստին չմասնակցելու որոշումը պարզաբանեցին այն հանգամանքով, որ նիստի ընթացքում ծավալվելու են նաև օրենքի վերաբերյալ բովանդակային քննարկումներ, մինչդեռ իրենք համաձայն էին քննարկել միայն օրենքը մեկ տարով հետաձգելու հարցը:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը Ֆեյսբուքում միացել է շուրջ ութ հազար օգտատեր: Չնայած որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ուրախ է` տեսնելով նախաձեռնության մեջ երիտասարրդ, նոր դեմքեր, սակայն երթին մասնակցում էին նաև տարբեր քաղաքական ուժերի հին դեմքեր. օրինակ, Լևոն Զուրաբյանը ոչ միայն մասնակցում էր, այլև ակնհայտորեն ղեկավարում էր երթն առաջնորդող երիտասարդներին` չնայած որ մեզ հետ զրույցում հայտնեց, թե ընդամենը մասնակցի կարգավիճակով է միացել երթին:

 

 

Tags: ,