Ադրբեջանի նախագահի թեկնածուն կարող է դատապարտվել 4-12 տարվա ազատազրկման

թեկնածուԱդրբեջանում նոր մեղադրանք է  ներկայացվել հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, ներկայում անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը,  ընդդիմադիր գործչի վրայից հանվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում) մեղադրանքը և ներկայացվել է ՔՕ  220-րդ հոդվածով նոր մեղադրանք (անկարգությունների կազմակերպում), որը նախատեսում է 4-12 տարվա ազատազրկում:

“Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նման քայլերով ցույց են տալիս, որ կարող են շինծու մեղադրանքներով տարիներով դատապարտել ցանկացած ընդդիմադիր գործչի”,-“Թուրան” գործակալության հետ զրույցում հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը մեղադրվում էր հունվարի 23-24-ին Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու մեջ: Փետրվարի 4-ին Նասիմի շրջանի դատարանը 2 ամսով ձերբակալել է նրան, այնուհետև ձերբակալության ժամկետը երկարաձգվել է, իսկ Մամեդովը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է “խղճի բանտարկյալ”: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 9-ին սկսել է նրա գործի ուսումնասիրությունը և մինչև հունիսի 18-ը սպասելու է Ադրբեջանի կառավարությանը ուղղված հարցերի պատասխանին:

Հավելենք, որ ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:
 

Tags: ,