ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նախ լրագրողներին տեղեկացրեց, որ խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստը բոյկոտվել է. «Չորս խմբակցությունները կան, Հանրապետականի տեղը` մաք-մաքուր»,-ասաց նա:
Արամ Մանուկյանի համար որոշումը սպասելի էր, որովհետև կարծում է, որ եթե օրենքն անգամ մեկ տարով հետաձգեին, ապա բյուջեն կքանդվեր, քանի որ այն կառուցված է մարդկանցից զոռով գումար պոկելու վրա:
Պատգամավորը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համարում է մարդու իրավունքնրեի կոպիտ ոտնահարում և ուրախ է, որ դրա դեմ ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնությունն, որի շուրջ կարող է մեծ շարժում սկսվել:
Վարաչպետ Տիգրան Սարգսյանի դիտարկմանը, թե այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու, ամենևին էլ համամիտ չէ. «Իսկ եթե ես չեմ ուզում դրանից օգտվե՞լ կամ որոշել եմ Հայաստանից գնա՞լ։ Ո՞վ իրավունք ունի իմ տեղը որոշել` ես ուզում եմ թոշակ ստանալ, թե ոչ կամ ինչքան ստանալ»:
Արամ Մանուկյանի կարծիքով, եթե հանրապետական գործընկերները համաձայնեին իրենց առաջարկությանը` գոնե մեկ տարով time out վերցնելու առումով, ապա ժողովրդի լարումը չէր սրվի: «Հարկավոր է իշխանությունների խելք սովորեցնել,-ասաց նա,- ի՞նչն էր խանգարում իրենց, թող գային, մասնակցեին և ապացուցեին, որ մենք սխալ ենք, իրենք ճիշտ են»:
Tags: Ազգային ժողով, Արամ Մանուկյան