««Ոսկե ծիրանն» անվիների վրա» կհյուրընկալվի Տավուշի մարզում

Yeregnadzor 2«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնը, որն անց է կացվում հուլիս ամսին Երևան քաղաքում, արդեն յոթ տարի է ինչ կազմակերպում է ««Ոսկե ծիրանն» անիվների վրա» շրջիկ փառատոնը: «Ոսկե ծիրանն» անիվների վրա»-ն նպատակ ունի փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված լավագույն ֆիլմերը ներկայացնել Հայաստանի մարզերում, ԼՂՀ-ում, Ջավախքում և այլ հայաշատ վայրերում:

Այս տարի  «Ոսկե ծիրանն» անիվների վրա ծրագիրը հոկտեմբերի 20-23-ը հյուրընկալվեց Վայոց Ձորի  մարզում, հոկտեմբերի 22-24-ը` Սյունիքի մարզում, նոյեմբերի` 8-10-ը` Շիրակում, նոյեմբերի 12-14-ը` Լոռու մարզում: «Ոսկե ծիրան» կինոփառառատոնը մարզային փառատոներն իրականացրեց   չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի,  տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկեր- կազմակերպությունների կողմից անցկացվող CAUCADOC ծրագրի հետ համատեղ: Հայաստանի մարզերում ցուցադրվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2012-13թթ-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Նոյեմբերի 8-11-ը  «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը եղավ Ջավախքում: Ցուցադրությունները կազմակերպվեցին «Ոսկե ծիրան» կինոդահլիճում: Ջավախքում փառատոնը մեկնարկեց Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով: Հաջորդ օրերին ցուցադրվեցին Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» և Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմերը: Ռուսուդան Չկոնիան անձամբ ներկա էր իր ֆիլմի ցուցադրությանը և ֆիլմի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարևորագույն առաքելություններից է տարածաշրջանային կինոցանցի ձևավորումը: Այդ իմաստով կարևոր է «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ` Ռուսուդան Չկոնիայի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի միջև ձեռքբերված համաձայնությունը, ըստ որի «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից  կլինի կինոթատրոնի էկրաններին: Ֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել, ինչպես հեղինակավոր կինոփառատոներում, այնպես էլ վրացական կինովարձութում:

«Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանին «Ոսկե ծիրանն անիվների» վրա փառատոնի շրջանակներում արժանացավ Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

«Ոսկե ծիրանն» անիվների վրա փառատոնը նոյեմբերի 20-ից կհյուրընկալվի Տավուշի մարզում:

Tags: