Գյումրին պատրաստ է ձմռանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Ըստ բանախոսի, ձմռան նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ սեպտեմբերից: Քաղաքը ձմռային դժվարություններից ճանապարհները մաքրելու համար անհրաժեշտ նյութերը պահեստավորված են, թարմացվել է նաև տեխնիկական բազան, չնայած, վերջինիս առումով, եղածը բավարար համարել չի կարելի:«700 խմ պեմզա է ներկրվել և պահեստավորվել, 20 տոննա աղ, որը մնացել է նախորդ տարի ձեռք բերված 30 տոննայից. դա լրիվ բավարար է այս տարի ձմռանը ճանապարհները մշակելու համար: Միաժամանակ, նախապատրաստել ենք մեր տեխնիկան. ունենք երկու «Գրեյդեր», ձեռք ենք բերել երկու ջրացան մեքենաներ, որոնց հարմարեցվել են ճանապարհները մաքրելու համար: Փորձում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ձեռք բերել գոնե մեկ ձյուն բարձող մեքենա, որն ընդհանրապես չունենք», – ասում է Կնյազ Մանասյանը:
Պատասխանատուն փաստում է, որ Գյումրու մաքրվող մակերեսը կրկնակի ավելացել է նախաերկրաշարժյան վիճակի համեմատ և քաղաքի ունեցած տեխնիկական հնարավորությունները շատ քիչ են. «Մենք առնվազն պետք է 4-5 «Գրեյդեր» ունենայինք, լավ օրից չէ, որ մենք ջրացաններն օգտագործում ենք ճանապարհները ձնից մաքրելու համար, բայց ստիպված ենք»:
Կ.Մանասյանը վստահեցնում է՝ ուշադրությունից դուրս չեն մնա երկրորդական փողոցները. «Բայց ասել, որ դա բավարար մակարդակի վրա է, ճիշտ չի լինի: Նախորդ տարի էլ տեսաք, որ փոքր տրակտորներ ունենք, որոնք օգտագործում ենք երկրորդական փողոցների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների բակերի, մուտքերի մաքրման համար: Նախորդ տարվա մեր հիմնական թերացումը եղավ մայթերի մաքրումը, իհարկե, մենք էլ ենք շատ դժգոհ այդ աշխատանքներից: Պարզապես, մեր մայթերի վիճակը գիտեք. հենց առաջին օրը, որ սկսեցինք մաքրման ակտիվ աշխատանքներ կատարել, տեխնիկան չի կարողացել աշխատել՝ մի տեղ բարձր է մայթը, մի տեղ՝ ցածր: Բայց այս տարի ձեռքի աշխատանքներ կփորձենք կազմակերպել գոնե կենտրոնական հատվածում և հնարավորինս մայթերն անցանելի դարձնել: 100%, լիարժեք մաքրել չենք կարող, ի վիճակի չենք, մայթերի փաստացի վիճակը թույլ չի տալիս»:
Կոմունալ բաժնի հույսը քաղաքում գործող օբյեկտների տերերն են, որ պետք է մաքրեն իրենց սեփականության տարածքները, քանի որ մայթերում հիմնական անհարթությունները նրանք են առաջացրել՝ կառուցվել են աստիճաններ, հարթակներ և այլն:
Իսկ հարցին, թե արդյո՞ք աղն ու ավազը չեն քայքայի քաղաքի փողոցների ասֆալտը, բաժնի պետը պատասխանեց.«Բացարձակապես: Ավազն ընդհանրապես չի կարող քայքայել, աղն էլ իր հերթին չի քայքայում, իսկ նախորդ տարի մենք աղ ու ավազն օգտագործել ենք լուսացույցների տակ՝ խաչմերուկների մոտ»:
Մարիամ Խալաթյան
Tags: գյումրի