Թուրքական «Միլիյեթի» հրեա սյունակագիր Սամի Կոհենը իր այսօրվա հոդվածում փորձել է ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը և այս հարցի շուրջ Անկարայի դիրքորոշումը:
«Ըստ Անկարայի տեսակետի՝ եթե լուծվի Լեռային Ղարաբաղի հարցը, Երևանի հետ ունեցած արգելքը կվերանա: Այնուհանդերձ այս խնդրում 20 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ լուծում է փնտրում, սակայն որևէ արդյունքի չի կարողանում հասնել: Երևանը նպատակ չունի վերջ դնել «տարածաշրջանում գոյություն ունեցող օկուպացիային և այս հողերը (կամ դրանց մեծ մասը) վերադարձնել Բաքվին»: Այս պայմաններում անհավանական է թվում, որ Անկարան Հայաստանի հետ կսկսի հարաբերությունների նորմալացման գործընթացը: Եթե նույնիսկ Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին մի հրաշք լինի: Այնուամենայնիվ թուրքական դիվանագիտությունը այս գործը հեշտացնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում: Եթե նայենք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «NTV»-ում արած հայտարարությանը, ապա կարելի է նկատել, որ Անկարան լուծումների փնտրտուքների մեջ է: Արդյո՞ք արդյունք կտա այս «լուռ դիվանագիտությունը»: Եթե տա, ինչ հիանալի կլինի, եթե ոչ, ապա նշանակում է, որ Երևանի հետ առկա իրավիճակը չի փոխվի»,-գրում է Կոհենը:
