Այսօր բողոքի ակցիա էր կազմակերպվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում` ընդդեմ երեք բուհերի օպտիմալացման:
ՀՀ կառավարությունը մի ծրագիր է նախաձեռնել, համաձայն որի դադարեցվում են երեք բուհերի` Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի գործունեությունը, դրանք փոխարինելով մեկ այլ կառույցով`Գյումրու արվեստի պետական ակադեմիայով:
Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավարը փոխանցեց, որ սպասվելիք փոփոխության մասին իրենք իմացել են լրատվամիջոցներից. “Այսօր հարցը հասել է այնտեղ, որ մեզ ոչ մի բան չի ներկայացվել, ոչ մի փաստաթուղթ չունենք, բայց գործը դրվում է կառավարության նիստին, հետո հանվում”, – ասում է Համբարձում Ղուկասյանը և ավելացնում. “Տեսնում ենք, որ առանց մասնագետներին, մասնաճյուղերին հարցնելու, առանց քննարկումների կառավարությունը քայլեր է անում: Ասեմ ավելին, կառավարությունում նույնիսկ չգիտեն, թե որ մասնաճյուղն ինչ մակարդակի է, արժի դրան կպնել, թե չէ”:
Բուհի մասնաճյուղը դեռ ամռանը հատուկ առաջարկով` բաց նամակի տեսքով, դիմել են վարչապետին, ԿԳ նախարարին ու Շիրակի մարզպետին: Առաջարկվել է ոչ թե տարբեր բուհերը միավորել, այլ համանման բոլոր կրթական հաստատությունները, օրինակ, նկարչական դպրոց, արվեստի ավագ դպրոց, գեղարվեստի ուսումնարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Ինչն էլ կբերի և կադրերի, և ուսանողների աճ, և ֆինանսական հզորացում, և աստիճանական զարգացում, և այլն: Սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել:
Կինոյի և թատրոնի ինստիտուտի ու գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը և’ պրոֆեսորադասախոսական կազմով, և’ ուսանողներն ու ծնողները, դեմ են կառավարության առաջարկած միավորմանը:
16 տարի գոյություն ունեցող բուհը չի կարող առանձնանալ մայր բուհից և հիմնել բոլորովին նոր հաստատություն:
“Քանի որ գործընթացը գաղտնի էր` գրավոր նամակ չի եկել մեզ, մասնագետների համար քննարկում չի կատարվել. սրանք եզրակացություններ են փաստարկների հիման վրա: Խոշորացման դեպքում անհատական ուսուցման մասին կարելի է մոռանալ և որակը հաստատապես կընկնի, քանի որ ակադեմիայում ուսուցումն անհատական է”, – ասում են դասախոսները:
Բանախոսների դիտարկմամբ` մարզերում բուհերի մասնաճյուղեր ստեղծվել են, որպեսզի ուսանողների արտահոսք չլինի դեպի Երևան, իսկ հիմա` ամեն կերպ նպաստում են այդ արտահոսքին:
Կինոռեժիսոր Գառնիկ Սարգսյանը գտնում է. “Մենք չգիտենք ինչի մասին է խոսքը, ինչ է ծնվելու այս չարագործների էքսպերիմենտի արդյունքում: Սա ազգի նկատմամբ ակնհայտ թշնամանք է: Վերցնենք մի փաստ. տարի եղավ, երբ մենք ուսանողներ, շրջանավարտներ չունեցանք: Մենք կարողացանք գոյատևել, դրա համար ո՞վ պատասխան տվեց: Իհարկե` ոչ ոք: Հիմա կլինի մի էսպիսի անհաջող էքսպերիմենտ, մի ամբողջ քաղաք, մի ամբողջ սերունդ, մշակույթի ու արվեստի քաղաք կզրկվի այս երեք բուհերից: Այստեղ տեղի է ունենում մեծ կեղծիք և սուտ, որին մենք չենք ուզում մասնակից լինել: Ուսանողների ծնողները մեզ հետ պայմանագիր են ստորագրել, որ իրենց երեխաները սովորում են կինոյի և թատրոնի ինստիտուտում, գեղարվեստի ակադեմիայում կամ կոնսերվատորիայում: 2-րդ, 3-րդ կուրսի երեխաների ծնողներին և նույն այդ երեխաներին, ի՞նչ պատասխանենք, ինչպիսի՞ դիպլոմ ենք տալու, ինչպիսի՞ որակավորում: Սա արդեն, ասում եմ` ակնհայտ կեղծիք է, ավանտյուրա, սուտ, խաբեություն, որի համար ծնողներն ու ուսանողները բոլոր իրավունքներն ունեն դատի տալու այս էքսպերիմենտն առաջարկողներին”:
Գեղարվեստի ակադեմի Գյումրու մասնաճյուղը գործել 1997-98թթ., երբ մասնաճյուղն ուներ ընդամենը 7 ուսանող և 7 դասախոս, իսկ 2012-13 ուստարում հասել է նրան, որ ունի 175 ուսանող, 35 դասախոս:
Վճռական քայլերի էին տրամադրված նաև ծողներն ու ուսանողները, ովքեր նշեցին` պատրաստ են գնալու մինչև վերջ, ընդհուպ, հասնել մինչև Երևան:
