Նոյեմբերի 14-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Արման Նշանյանի «Կենտ զույգը» կատակերգության պրեմիերան: Կլասիկ-կոմեդիան ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա էր: Գլխավոր դերերում էին Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը: Նրանք մտերիմ ընկերներ էին՝ տարակարծիք ու խիստ տարբեր: Ամուսնալուծությունից հետո որոշում են միասին ապրել՝ փորձելով կոտրել միայնությունն ու կանանց կողմից լքված լինելու զգացումը: Խենթ արարքներն ու զավեշտալի իրավիճակները հետապնդում են տղաներին: Դերասանները ստեղծված իրավիճակից յուրովի են դուրս գալիս, գտնում զանազան լուծումներ, հանդիսատեսին պարգեւում լիաթոք ծիծաղ: Ներկայացման բեմադրիչ Արման Նշանյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ Նիլ Սայմոնի բոլոր գործերն իրեն հարազատ են.
«Ես եւ Սոսը օգտագործեցինք հանրությանը հայտնի լինելու փաստը, ոչ թե մեր շահերի՝ այլ երիտասարդներին թատրոն բերելու համար: Փորձեցինք թատրոնը դարձնել հաճելի, ժամանակակից: Շոուի ժամանակ դերասանն անում է ծիծաղելի արարքներ, որպեսզի հանդիսատեսը զվարճանա, իսկ լուրջ կոմեդիայի ժամանակ հանդիսատեսը դրությունից ելնելով է կարողանում ծիծաղել իր իսկ թերությունների վրա»:
Արման Նշանյանի համոզմամբ ցանկալի է ծիծաղել, լավ ժամանակ անցկացնել, բայց պետք է նաեւ մտածել, հանդիսատեսին մտածելու տեղիք տալ՝ այս կերպ կատակերգությունը դառնում է արվեստ.
«Դրամատուրգի հույզերն ու հոգեւիճակն էի փոխանցում հանդիսատեսին: Այս գործը հարազատ էր իմ հոգուն: Ռեժիսորներ կան, որոնք փորձում են փոխել իրադարձությունների ընթացքը, իսկ ես ոչինչ չեմ փոխել, ամեն ինչ նույնն է: Յուրաքանչյուրս կարող ենք փոխվել դեպի լավը, եթե միայն ցանկանանք եւ ուժ ունենանք»:
Ինչ վերաբերում էր իր կերպարին բեմադրիչը նշեց, որ նա ապրել է, զգացել հերոսին: Կերպարն իրենն էր, իր մասնիկը, բջիջն անգամ: Հերոսի նման Արմանն էլ է բծախնդիր, պատասխանատու, դա իրեն եւ խանգարում եւ շատ օգնում է: Արվեստում չես կարող բծախնդիր չլինել, եթե չլինես, ուրեմն կեղծ ես, իսկ կյանքում շատ անգամ խանգարում է:
Ամուսնալուծությունը մեծ խնդիր է, ներկայացման մեջ մի դարձվածք կա, որը շատ դիպուկ է: Հերոսներից մեկն ասում է՝ 12 տարվա ամուսնական կյանքը դեռ չի նշանակում երջանիկ կյանք, նշանակում է երկարատեւ: Չպետք է վախենալ, պետք է փորձել դառնալ ավելի լավը, մենք եզակի չենք այս խնդիրներով: Ամուսանական կյանքը հեշտ չէ՝ պայքար է կռիվ, ցանկացած հարաբերություն ամենօրյա աշխատանք է: Մենք մենակ չենք այս կյանքում, չպետք է դիմել ամուսնալուծությանը միանգամից, դա ամենավերջին միջոցն է, որը ցանկալի չէ:
Դերասան Սոս Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պրեմիերայի օրն իր կյանքի այն օրերից էր, որը դժողքից մինչեւ դրախտ էր: Ուսերից մեծ բեռ ու պատասխանատվություն է ընկել.
«Ոտքս դրեցի բեմի վրա եւ չզգացի բեմը, որովհետեւ ոտքերս դողում էին, իսկ ընթացքում հանդիսատեսի էներգիայից եւ սիրուց թեթեւացա: Ընկերների անհամատեղելի կյանքի կատակերգական իրավիճակն էինք ներկայացնում: Որպես դերասան զգում էի ահավոր մեծ պատասխանատվություն, իսկ մյուս կողմից ներկայացումը ստեղծողի պատասխանատվություն ունեի: Ես եւ Արմանը քրտնաջան աշխատանք ենք կատարել, տանջվել ու մտածել, թե արդյոք ամեն ինչ լավ հունով կընթանա: Մեր նպատակներից մեկն էր ճանաչված լինելու համբավը օգտագործել եւ մատուցել դասական ասելիքով, մտածելու տեղիք տալ մի բան, որը շոու չէ, այլ տեղայնացված մենտալիտալ հումոր չէ՝ դրությունների ու խոսքի հումոր է: Մենք գիտենք, թե մարդիկ երբ են տխրում, երբ լարվում, երբ լացում, երբ վախենում, իսկ ծիծաղը սուբյեկտիվ երեւույթ է՝ դա է ամբողջ բարդությունը»:
Դերասանը համոզված է՝ այս բարդ կյանքում մենք ազատվում ենք այն մարդկանցից, ովքեր ցույց են տալիս մեր իսկ սխալները, այլ ոչ թե ազատվում ենք այդ սխալներից, որովհետեւ դա ավելի դժվար է: Ներկայացումն ապրել է, կար վախ, հուզմունք, բայց ամեն ինչ ընթացքում մարել է: Կարծում է, որ այս ներկայացումը երկար կյանք կունենա, իրենք սիրել ու կյանքի են կոչել նրան, այդ էներգիան դեռ երկար կշրջանառվի իրենց եւ ներկայացման մեջ: Վստահ է՝ դեռ բազմաթիվ ներկայացումներ կտեսնի հանդիսատեսը, որի բեմադրիչը կլինի Արման Նշանյանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Արման Նշանյան, Սոս Ջանիբեկյան
