Ոչ-ոքի՝ 3։3, և դեղին քարտ՝ Կարեն Ավագյանին

ուսանողների ֆուտբոլ,Կարեն ԱվագյանՈչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։

Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը և ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։ Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Քաղաքական, պետական գործիչների թիմից գոլային հարվածներով աչքի ընկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ ուսանողների թիմից` կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Արամ Մելիքյանը (նա նույնպես դարձավ 2 գոլի հեղինակ) և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը։ Ուսանողների թիմը ևս մեկ գոլ խփեց սեփական դարպասին։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ստացավ դեղին քարտ՝ մրցավարի հետ վիճելու համար։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համեմատական եզրեր տանելով քաղաքականության ու ֆուտբոլի միջև, այնուամենայնիվ, նշեց, որ ընկերական այս խաղով երիտասարդ քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները քարոզում են առողջ ապրելակերպ։ «Երիտասարդը պետք է առողջ կենսակերպ վարի, քանի որ այն դյուրացնում է գիտելիք ստանալու գործընթացը, այդ գիտելիքը կիրառելը։ Այս խաղում հաղթանակի-պարտության խնդիր դրված չէ, սա ընկերական խաղ է, որի նպատակն առողջ ապրելակերպի քարոզն է»,- նշեց Կարեն Ավագյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս խաղը շատ լավ առիթ է շփվել երիտասարդության հետ։ ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը պարբերաբար խաղում է ֆուտբոլ. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է կարողանան ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար, որովհետև դեռ հին հույներն էին ասում՝ միայն առողջ մարմնում կարող է լինել առողջ ոգի»։ Է. Շարմազանովն ընդգծեց նաև, որ ինքը մեր ազգային հավաքականի մոլի երկրպագուներից է. «Մենք այսօր եվրոպական մակարդակի ֆուտբոլային թիմ ունենք, և ես ամեն վայրկյան, ամեն րոպե հպարտանում եմ, որ մենք ունենք եվրոպական աստղերի փայլուն եռյակ՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և իհարկե, Հենրիխ Մխիթարյանի»։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ ոստիկանությունը ֆիզիկական պատրաստականության վրա մշտապես ուշադրություն դարձնում է։ «Ֆուտբոլ հաճախ չեմ խաղում, ավելի շատ սիրում եմ դիտել ֆուտբոլային խաղ, հատկապես միջազգային առաջնությունները, հատկապես ՀՀ ազգային հավաքականի մասնակցությամբ։ Վերջին անգամ ֆուտբոլ խաղացել եմ 3 տարի առաջ»,- ասաց պարոն Օսիկյանը։

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն էլ նշեց, որ եկել են ուժերը չափելու երիտասարդների հետ՝ հասկանալու ավագ սերունդն է լավ խաղում, թե երիտասարդները։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը նկատեց, հետաքրքիր է շփվել պետական գործիչների հետ, լինել մեկ հարթության վրա, հավասար պայմաններում և այդ ամենի մեջ կարողանալ ապացուցել, որ երիտասարդները նրանց արժանի փոխարինողներն են և՜ մարզական, և՜ այլ առումներով։

 

 

 

Tags: ,