«Տաշիր» ընկերությունների խումբը գործարկել է «Սինեմա Սթար» ցանցի հերթական կինոթատրոնը Հայաստանի մայրաքաղաքում

սինեմա սթար2013թ. նոյեմբերի 17-ին Երեւանում հանդիսավորությամբ իր դռները բացեց ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ առաջին եւ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, որն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում:

Նոր «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ի խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը: Արարողության բազմաթիվ հյուրերի թվում էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Սինեմա Սթար»-ը Հայաստանում նոր ձեւաչափի առաջին ու դեռեւս միակ կինոթատրոնն է, որը ենթադրում է որակապես նոր մոտեցում ժամանցային ոլորտի նկատմամբ: 5000 քմ ընդհանուր մակերես ունեցող մշակութային նոր կենտրոնը ներառել է ոչ միայն ժամանակակից 6 կինոսրահներ, այլեւ հարմարավետ հանգստի եւ բազմաթիվ զվարճանքների ընդարձակ տարածք ցանկացած տարիքի եւ նախասիրության այցելուների համար:

Բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ Երեւանի ամենաժամանակակից առեւտրի կենտրոնում՝ «Դալմա Գարդեն»-ում, ուղեկցվեց պրեմիերայով՝ գերմանացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Դիանա» ֆիլմով:

 Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշեց. «Դալմա Գարդեն» առեւտրի կենտրոնը վաղուց եւ արժանիորեն դարձել է Երեւանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: «Սինեմա Սթար» կինոթատրոնի բացմամբ քաղաքում հանգստի եւ ժամանցի հնարավորություններն ավելի են մեծացել: «Տաշիր» ընկերությունների խմբի ավանդը երկրի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել: Ամեն անգամ, այս կամ այն օբյեկտի գործարկմամբ, հարյուրավոր մարդիկ աշխատանք են ստանում, զարգանում է քաղաքի ենթակառուցվածքը, փոխվում է մարդկանց կյանքը: Ուրախալի է տեսնել, որ այժմ մայրաքաղաքում հայտնվել է եւս մեկ վայր, ուր ցանկանում ես վերադառնալ»:

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ասել է. «Երեւանում կինոթատրոնի բացումը ծանրակշիռ ներդրում է ողջ «Սինեմա Սթար» ցանցի զարգացման գործում: Հայաստանը մեզ համար ռազմավարական կարեւոր շուկա է, որտեղ մուտք գործելը միայն հաջող բիզնես-ծրագիր չէ: Մենք հավատում ենք, որ երկրում կինոբիզնեսի զարգացումը կնպաստի սոցիալ-տնտեսական բարգավաճմանը, ինչպես նաեւ նոր մակարդակի կբարձրացնի կինո գնալու փիլիսոփայությունը: «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի բոլոր հաճախորդների համար մենք ձգտում ենք զարգացնել «trendy places» հայեցակարգը, եւ երեւանյան ծրագիրը նույնպես բացառություն չէ: Ավելին, հետագայում մենք մտադիր ենք զարգացնել «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» հայեցակարգը եւ հույս ունենք հարթակ դառնալ քաղաքի հետաքրքիր միջոցառումների եւ իրադարձությունների համար: Մենք շարունակելու ենք Հայաստանում կատարելագործել «Սինեմա Սթար» կինոթատրոնների տեխնիկական ներուժը, ներդնելու ենք կինոցուցադրության առաջադեմ թվային տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ հաշվի ենք առնելու բոլոր ցանկություններն ու նկատողությունները՝ մեր այցելուների համար տպավորությունների բացարձակ նոր մակարդակ ապահովելու նպատակով»:

Ֆիլմերի ցուցադրման քաղաքականությունն այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հետեւել համաշխարհային կինովարձույթի միտումներին, կանխատեսել ֆիլմերի մասսայականությունը եւ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնել ամենաարդիական ֆիլմերը: Կինոսեանսների ժամանակագրումը կատարվում է՝ հաշվի առնելով տարիքային տարբեր խմբերի ու կատեգորիաների այցելուների նախասիրությունները:

Նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել ինչպես հայերեն եւ ռուսերեն, այնպես էլ օրիգինալ լեզվով: Իսկ ֆիլմադարանը կընդլայնվի «արտ-հաուս» ժանրի ֆիլմերով եւ աշխարհի լավագույն մարզական հանդիպումների ցուցադրություններով:

Մարինա Բոդյագինա, «Քսաներորդ դար Ֆոքս» կինովարձույթի տնօրեն. «Սինեմա Սթար»-ը Ռուսաստանի առաջատար կինոթատրոնային ցանցերից մեկն է, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկա գտնվել հերթական նախագծի գործարկմանը Երեւանում: Վստահ ենք, որ նոր կինոթատրոնը, իր տեղակայման, դիրքավորման, ինտերիերի, տեխնիկական հագեցվածության եւ ֆիլմացանկի շնորհիվ, հրապուրիչ կդառնա մայրաքաղաքի հանդիսատեսի համար: Մենք ուրախ ենք «Սինեմա Սթար»-ի հետ գործընկերներ լինելու եւ նրա հետ միասին նոր շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաեւ հույս ունենք, որ կշարունակենք հեռանկարային ու արգասավոր համագործակցությունը»:

«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով՝ Dolby Digital 7.1 ձայն, Volfoni 3D ժամանակակից ձեւաչափ, HFR բարձր հստակությամբ պատկերի ցուցադրման հնարավորություն (48-60 կադր վայրկյանում), ինչպես նաեւ կինոցուցադրության ողջ գործընթացի բացարձակ ավտոմատացում:

«Լյուքս» դասի առանձին VIP-դահլիճը տարբերվում է հարմարավետ, իջեցվող կաշվե բազկաթոռներով եւ հատուկ սպասարկմամբ:

Նոր կինոթատրոնի առանձնահատկությունն է հարմարավետ կինոբարը եւ VIP-բարը: Շուտով սպասվում է դասական ոճի ռեստորանի բացումը հատուկ դիզայնով եւ ճարտարապետությամբ, ինչպես նաեւ Արարատ լեռան համայնապատկերով:

Հանգստի եւ ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ եւ այլն:

Նոր կինոթատրոնի ինտերիերի ճարտարապետական-գեղարվեստական լուծումը մշակվել եւ կյանքի է կոչվել եվրոպական դիզայներների արհեստավարժ թիմի կողմից: Կինոթատրոնի հայեցակարգը հաստատվել է «Սինեմա Սթար» ցանցի միասնական ոճին համապատասխան, որը ենթադրում է վառ եւ էներգետիկ գույներ ժամանակակից երիտասարդական ոճով:

Նոր կինոթատրոնի տոմսերի արժեքը սովորական դահլիճներում կտատանվի 1000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմաններում՝ VIP-սրահի տոմսերի համար:

Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց, թոշակառուների, ուսանողների եւ դպրոցականների համար մշակվել է լոյալության ծրագիր, որով նախատեսված են հատուկ զեղչեր բնակչության որոշակի խմբերի համար:

Ներկայումս «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ում ցուցադրվում են կինոարտադրության այնպիսի նորություններ, ինչպիսիք են՝«Տոռ 2: Մթության թագավորություն», «Էնդերի խաղը», «Ռասպուտին», «Starперцы», «Հնդկահավերը. վերադարձ դեպի ապագա», «Խորհրդականը» եւ «Տելեկինեզ»: Ապագայում կինոթատրոնում նախատեսվում է փառատոնային ֆիլմերի ցուցադրություն:

1 շաբաթվա աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 18-ից 25-ը կինոթատրոնի ստացած ողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հայաստանյան հիմնադրամին, որը հիմնադրվել է 2009 թվականին ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի օժանդակությամբ, որի հոգաբարձուն է հանդիսանում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղային, հեմատոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: