Փաշինյանն էլ ոստիկանապետին կպատասխանի «արա»-ով

Nikol-Pashinyan2Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից փորձել է պարզաբանում ստանալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “արա, դուք պատգամավոր եք, թե գողական” արտահայտության վերաբերյալ.  «Այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև, եթե նա շեշտեր անուն ազգանունը, դա լրիվ այլ իրավիճակ կլիներ, բայց եթե նա չի շեշտում անուն-ազգանունը, նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն՝ ԱԺ պատգամավորներին»։

Այնուհետև նա Օսիկյանին խնդրել է իր անունից Վլադիմիր Գասպարյանին փոխանցել, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով՝ «արա»-ով, ապա ինքը նույն “արայով” կպատասխանի ոստիկանապետին և ընդհանրապես ցանկացած մեկին. «Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, թող ոստիկանապետը բարի լինի այդ անունները հրապարակել, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի։ Հակառակ դեպքում, եթե նման ոճը կրկնվի և այդպիսի ասելիքը տարածվի կարգավիճակի վրա, կրկնում եմ՝ ես ինքս պարտավորվում եմ ոստիկանապետին արժանացնել համարժեք պատասխանի»,-հայտարարեց Փաշինյանը։

 

Արթուր Օսիկյանը Փաշինյանին կոչ է արել կոռեկտության սահմանները պահել, ինչին ի պատասխան` ՀԱԿ պատգամավորն ասել է. «Կարծում եմ՝ դուք այստեղ կոռեկտության կոչ անելու որևէ հիմք չունեիք, և հույս ունեմ, որ դուք կոռեկտության իմ կոչը կփոխանցեք Ձեր ղեկավարին»:

 

 

Tags: